Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է խորհրդարանում պատգամավորական տեղեր հատկացնել ազգային փոքրամասնություններին: Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ասում էր, որ խոսքն ամենայն հավանականությամբ եզդիների, ասորիների, հույների և ռուսների մասին է, քանի որ այս չորս ազգային համայնքներն են առավել շատ ներկայացված Հայաստանում:
Ի դեպ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն ընտրվելու սովորական ընթացակարգերով, այսինքն՝ նրանք չեն ընդգրկվելու կուսակցական ցուցակների մեջ, նրանք գումարվելու են խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվին: Իսկ ինչ սկզբունքով պետք է որոշվի, թե ով է ներկայացնելու տվյալ համայնքը խորհրդարանում: Այս հարցը Սահմանադրության նախագծով որևէ կերպ պարզաբանված չէ և թողնված է «Ընտրական օրենսգրքի» կարգավորմանը:
Նախագահին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի փորձագետ Սիաբանդ Բաքոյանը խորհրդարանական ընտրությունների մասնակցության մեծ փորձ ունի: 1995թ. Բաքոյանը փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին Արմավիրի նախկին շրջանում, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվեց գրանցել նրա թեկնածությունը: Այդ նույն ընտրատարածքում առաջադրվել էր ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը, և իշխանությունն ամեն ինչ արեց ժողովրդավարության մերօրյա պաշտպանի համար անմրցակից ընտրություն ապահովելու համար: Ընտրատարածքային հանձնաժողովը պատճառաբանեց, որ Բաքոյանի հավաքած ստորագրությունները կեղծ են, թեև այդ տարածքի եզդի բնակիչները շահագրգռված էին խորհրդարանում իրենց ներկայացուցչին ունենալ, և դժվար թե Բաքոյանը 500 ստորագրություն հավաքելու խնդիր ունենար:
Հետո նա ընտրություններին մասնակցեց «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով, և դարձյալ անարդյունք, քանի որ կուսակցությունը չհաղթահարեց 5-տոկոսանոց արգելքը: Մեկ անգամ էլ ընտրություններին մասնակցեց որպես մեծամասնական թեկնածու՝ ստանալով 700 ձայն: Բաքոյանը մշտապես պայքարել է խորհրդարանում եզդի ժողովրդի ներկայացուցիչ ունենալու իրավունքի համար՝ համարելով, որ դա պետք է արվի օրենսդրորեն, քանի որ եզդիները բնակվում են Հայաստանի չորս մարզերում, և նրանք չեն կարող մեծամասնականով թեկնածու անցկացնել, իսկ հայերը երբեք եզդի թեկնածուի օգտին չեն քվեարկում:
Մենք հարցրեցինք Սիաբանդ Բաքոյանին, թե ինչպես է ինքը պատկերացնում ազգային համայնքների կողմից սեփական թեկնածուի առաջադրումը և անցկացումը, և կարող է այդ հարցը համայնքի ներսում տարաձայնությունների տեղիք տալ: «Նախ ուզում եմ ասել, որ 2011թ. մարդահամարի տվյալներով Հայաստանում ապրում է 35.860 եզդի, մենք ունենք մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք տարիների ընթացքում զբաղվել են համայնքի խնդիրներով և ունեն համայնքի ներկայացուցիչների վստահությունը: Կարող եմ ասել, որ այս պահին կան առնվազն 5 ճանաչված հասարակական կազմակերպություններ, որոնց մի մասը նոր է ստեղծվել, իսկ մյուսները գործում են Հայաստանի անկախության տարիներից սկսած: Իմ կարծիքով՝ համայնքը ներկայացնող այս կազմակերպությունները կարող են խորհուրդ անել, քննարկել և ներկայացնել ինչ-որ մեկի թեկնածությունը, որը կընդունվի համայնքի կողմից»,- ասաց Բաքոյանը:
Բայց հնարավոր է, որ համայնքը ներկայացնող կազմակերպությունները չկարողանան միասնական թեկնածու առաջադրել, քանի որ միշտ էլ ինչ-որ մեկը իրեն ավելի արժանի կհամարի մյուսից, ինքը կուզենա զբաղեցնել պատգամավորական աթոռը: Ի՞նչ անել այն դեպքում, երբ թեկնածուները կլինեն մեկից ավելի: Սիաբանդ Բաքոյանը այդ դեպքի համար ևս իր լուծումն է առաջարկում. «Հնարավոր է, որ լինեն մի քանի թեկնածուներ, ովքեր կցանկանան ներկայացնել համայնքը: Ես դա չեմ բացառում: Այդ դեպքում կարելի է առաջարկել, որ այդ թեկնածուներից յուրաքանչյուրը փորձի որքան հնարավոր է շատ ձայն հավաքել: Ինչպես եմ ես պատկերացնում ձայն հավաքելը. թեկնածուն և նրա վստահված անձինք շրջում են եզդիաբնակ համայնքներում և թեկնածուի օգտին ստորագրահավաք կազմակերպում: Ով կարողացավ վելի մեծ թվով համայնքի չափահաս ներկայացուցիչների համոզել իր ծրագրերի առավելության մեջ, համայնքի շահերը ներկայացնելու իր պատրաստակամության մեջ, թող նա էլ լինի համայնքի ներկայացուցիչը: Այդ ստորագրությունները կարող են ստուգվել ԿԸՀ կողմից ընտրանքային կարգով: Ասենք՝ ստուգվում է ստորագրությունների 2 կամ 3 տոկոսը, և եթե դրանք համարվում են վստահելի, առավել շատ ստորագրություն հավաքած թեկնածուն էլ դառնում է պատգամավոր»:
Այս տարբերակը ավելի դժվար իրագործելի է միայն եզդիների դեպքում՝ որպես ամենաբազմամարդ ազգային փոքրամասնություն: Մյուս համայնքները անհամեմատ ավելի փոքր են, և այնտեղ այս գործընթացը մեկ-երկու օր կպահանջի:
Ի դեպ, Հայաստանում որպես առանձին ազգություն գրանցված են նաև քրդերը, որոնց թիվը, ըստ 2011թ. մարդահամարի, 2700 է: Քրդական համայնքը ավելի մեծ է, քան ասորիներինը կամ հույներինը: Հունական համայնքի թիվը փոքր է հազարից: Քրդերը ևս կարող են պահանջել, որ ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանում, չնայած Հայաստանում ապրող քրդերը չեն դավանում իսլամ, այլ եզիդի են, ուղղակի իրենց կրոնը չեն նույնացնում ազգության հետ: Եվ այս դեպքում իսկապես դժվար կլինի մերժել քրդերին:











































