Վինձորի ամրոցը, որտեղ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և ընտանիքի մյուս անդամները սիրում են անցկացնել իրենց ազատ ժամանակը, այսուհետ կդադարի լինել խաղաղ և մեկուսացված վայր: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, օդային մայրուղիները թեթևացնելու համար Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են, որ թագավորական նստավայրի վրայով կիրականացվի 1799 գիշերային ավիաչվերթ:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները պահանջում են վերակազմավորել Լոնդոնի օդային երթևեկությունը՝ մայրաքաղաքի երկինքը որոշակի չափով «թեթևացնելու» համար: Իշխանությունները մասնավորապես անհանգստացած են քաղաքի հյուսիսարևմտյան մասով: «Օդային խցանումներից» ազատվելու համար՝ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են շրջանցել մի քանի թռիչքներ: Պարզվել է, որ այդ երթուղին անցնելու է թագավորական նստավայրի վրայով, որը տեղակայված է Բերքշիր կոմսությունում:
Կոմսության բնակիչներն արդեն հայտնել են իրենց դժգոհությունն այս կապակցությամբ: Այն բանից հետո, ինչ Բերքշիրի բնակիչների պաշտպանությամբ հանդես է եկել համայնքների պալատի պատգամավորներից մեկը, տրանսպորտի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները շտապել են հայտարարել, որ հրապարակված ծրագիրը գտնվում է նախնական մշակման փուլում: Նրանց խոսքերով՝ նախագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:












































