Washington Post-ի փոխանցմամբ՝ Սաութհեմփթոնի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտարարել են այնպիսի դեղամիջոցի նախատիպի ստեղծման մասին, որը օրգանիզմի համար ստեղծում է ֆիզիկական ծանրաբեռնվածության էֆեկտ, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել ավելորդ քաշից ու 2-րդ տիպի դիաբետից ազատող դեղամիջոցի ստեղծման։
Համապատասխան հետազոտության հեղինակներն են կենսաբանության պրոֆեսոր Ալի Տավասոլին ու ֆիզիոլոգիայի դոցենտ Ֆելինո Կագամպանգը։ Նրանք հայտարարել են, որ իրենց հաջողվել է սինթեզել մոլեկուլը, որը օրգանիզմի բջիջներին ստիպում է «մտածել», որ նրանք ծախսել են իրենց էներգիան։ Տվյալ նյութը կոչվել է «Միացում 14» (Compound 14)։ Գիտնականները կարծում են, որ եթե արդյունքը հաստատվի ու կրկնվի, ինչպես նաև եթե հաստատվի, որ դրա օգտագործումն անվտանգ է մարդու համար, ապա դա հնարավորություն կտա ստեղծել այնպիսի դեղամիջոց, որը կօգնի պայքարել ավելորդ քաշի ու 2-րդ տիպի դիաբետի դեմ։












































