Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց ԴԱԻՇ-ի դեմ, Անկարայում տեղի է ունեցել անակնկալ հանդիպում։ Դրան մասնակցել են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու ԴԱԻՇ-ի դեմ պատերազմող թուրքմենական բրիգադի 20 ներկայացուցիչներ, ինչն իրականացվել է Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) համակարգմամբ։
Մասշտաբային հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են անվտանգության, հետախուզական ու ռազմական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպման արդյունքներով որոշվել է ստեղծել Միացյալ թուրքմենական բանակ, որը կունենա 5000 մարտիկ։
Ընդգծվում է, որ թուրքմենական այդ բանակն իր գործողությունները համակարգելու է Թուրքիայի հետ և խոչընդոտելու է տարածաշրջանում (Սիրիայի հյուսիս) «իրականացվող» էթնիկ զտումներին (նկատի է առնվում Սիրիայի քրդերի գործողությունները-1in.am), ինչպես նաև իր վերահսկողությունն է հաստատելու ԴԱԻՇ-ից գրավված տարածքներում։
Թուրքմենական բրիգադները գործունեություն կծավալեն Սիրիայի հյուսիսում ու Հալեպի շրջակայքում։ Թուրքական թերթը հիշեցնում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետևյալ խոսքերը. «Այսուհետ մեր սահմանին չենք տեսնի ԴԱԻՇ-ին»։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Թուրքիայի իշխանությունները մտահոգություն էին հայտնել Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական պատկերի փոփոխման կապակցությամբ՝ Սիրիայի քրդերին մեղադրելով արաբներին ու թուրքմեններին տարածաշրջանից վտարելու համար:








































