Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմը El Hayat թերթին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարությունը Սիրիայի քրդերի գլխավոր դաշնակիցն է ու զենքի մատակարարը։
Ընդգծվում է, որ օրեր առաջ Մուսլիմը հերքել էր այն պնդումները, թե Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը իրենց զենք է մատակարարում, սակայն այն բանից հետո, ինչ ինքնավարության կառավարությանը հանրությանը ներկայացրեց Սիրիայի քրդերին զենք մատակարարելու ապացույցներ, Մուսլիմը ստիպված եղավ խոստովանել։ Ինքնավարության կառավարությունը մասնավորապես հրապարակել էր Սալիս Մուսլիմի անձնական նամակը, որում նա ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին շնորհակալություն է հայտնում ցուցաբերած օգնության համար։
Մուսլիմը հերքել է այն տեղեկությունը, որ Սիրիայի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներում (YPG) կան մահապարտներ։ Մուսլիմի խոսքով՝ եթե Ասադի վարչակարգը փոխի իր վերաբերմունքը քրդերի հանդեպ, ապա իրենք կմտածեն համագործակցության մասին։
Մուսլիմը մանրամասնել է, որ այդ դեպքում YPG-ը կմիանա սիրիական բանակին։ Նա հավելել է, որ եթե սիրիական բանակը վերադառնա Սիրիական Քրդստան, ապա YPG-ը կարող է մասնիկ կազմել նրան, եթե ձեռք բերվի նոր պայմանավորվածություն ու նոր պայմաններ։ Մուսլիմն այս հայտարարությունն արել է քրդերի դեմ Անկարայի վերջին գործողությունների ֆոնին։










































