«Ես մեծապես աջակցում և սատարում եմ Հայաստանին իր ջանքերում՝ փորձելու հաստատել հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի և բանակցությունների միջոցով, և որպես այդ բանակցությունների մի մաս՝ Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում: Կարծում եմ՝ լրջագույն առաջընթաց եք ունեցել, և հուսով եմ, որ էլ ավելի առաջընթաց կունենաք մինչև նոյեմբեր Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը: Հուսով եմ նաև, որ այս ամենը Հայաստանի ներսում կնպաստի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ճիշտ այնպես, ինչպես ներքին բարեփոխումների գործընթացը կօգնի մեզ շարունակել և առաջ տանել բանակցությունները: Դրանք փոխազդում են միմյանց, դրանք փոխլրացնող պետք է լինեն»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը:
Խոսելով Մաքսային միության մասին՝ Ֆրեյզերը կարծիք է հայտնել, որ թեև Ռուսաստանը հետաքրքրություններ և ազդեցություն ունի այս տարածաշրջանում, և դա կարելի է ընկալել, սակայն տարածաշրջանի երկրները, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, պետք է կարողանան ունենալ իրենց ազատությունը՝ ընտրել իրենց սեփական ուղին և գործընկերային հարաբերությունները, բայց իհարկե պետք է նաև գոյություն ունեցող իրողությունների հետ հաշվի նստել:










































