Բրիտանիայի Հանգերֆորդ քաղաքի խորհուրդը որոշում է ընդունել տեղի կովերին պաշտպանական ժիլետներ հագցնել և նրանց պարանոցներին լուսավորող լամպեր փաթաթել: Այս մասին հայտնում է news.rambler.ru-ն:
Այդպես վարորդներն ավելի լավ կտեսնեն ճանապարհ դուրս եկող կենդանիներին:
Վատ տեսանելիության պատճառով գիշերը վարորդները գնալով ավելի հաճախ են կենդանիներին վրաերթի ենթարկում (17 դեպք անցած տարվա ընթացքում):
Տեղացի ֆերմերներն արդեն մի քանի տարի Խորհրդից պահանջում են արագության սահմանափակումներ մտցնել արոտավայրերին մոտ ճանապարհներին: Քաղաքապետը հայտարարել է, որ այդ միջոցառումը 3000 ֆունտ կարժենա:
Տեղի բնակիչներին այդ որոշումն առնվազն տարօրինակ է թվում, քանի որ, ըստ նրանց, բավարար է այդ շրջանում սահմանափակել շարժման արագությունն ավտոմեքենաների համար, իսկ բոլոր նախազգուշական միջոցները զուր կլինեն, եթե կովը պոչի մասով է կանգնած դեպի վարորդը:







































