Ամերիկացի նախկին զինվոր, 30-ամյա Էրիկ Հարունը դարձել է Սիրիայի խոշորագույն ապստամբական միավորումներից մեկի՝ «Ալ-Նուսրա ճակատ»-ի անդամ, որն ունի արմատական իսլամիստական գաղափարախոսություն,- հաղորդում է Fox News-ը:
Հարունի խոսքերով՝ ինքը մուսուլման սուննի է, ատում է Իսրայելն ու Իրանը և ամբողջությամբ սատարում է սիրիացի ապստամբների՝ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ ուղղված պայքարին:
ԱՄՆ-ի քաղաքացին նաև հայտարարել է, որ Սիրիա ժամանելուց հետո սկզբում մարտնչել է չափավոր, աշխարհիկ համոզմունքների կողմնակից ապստամբների կողմից, սակայն մարտերից մեկում նրա բոլոր համախոհները զոհվել են, որից հետո նա դարձել է «Ճակատի» անդամ: Հարիրին տվել են «Ամրիքի» (ամրերիկացի) մականունը:
Հարունն ասել է, որ Սիրիայում բախումների ընթացքում անձամբ սպանել է կառավարական բանակի մի քանի զինվորների, մեկ իրանցու:
Հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացին խուսափել է պատասխանել այն հարցին , թե ինչպես է իրեն զգում՝ պատերազմելով «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների» հետ, և պարզաբանել է, որ այս պատերազմում «ԱՄՆ-ի կառավարությունն աջակցում է երկու թիմերին»:
Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ երբեք չի վնասի ամերիկացի զինվորներին, սակայն նույն բանը չի ասել իսրայելցի զինվորների մասին:







































