Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանն ահազանգում է՝ Քիշնևում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու և դրան հարակից հայկական գերեզմանատան նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում։
Շուրջ 15 հազարանոց հայ համայնք ունեցող Քիշնևում հայերը վերջին շրջանում հաճախակի են խնդիրների բախվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վեներա Գասպարյանն ասաց՝ խնդիրն իսկապես հենց հայերի հետ է, որովհետև այլ ազգի ներկայացուցիչներին պատկանող եկեղեցիներում և գերեզմանատներում երբեք ոչ մի խնդիր չի լինում. «Կարո՞ղ են, ասենք, հրեաների գերեզմանատանը բերել, այլ մարդ թաղել: Իհարկե՝ ոչ: Ուրեմն ի՞նչ: Խնդիրը հայերն են: Մեզ ասում են՝ դուք քոչվոր եք»,- վրդովվում է Վ․ Գասպարյանը:
Նա հավելեց, որ 2003 թվականին՝ երկու տարի պետության հետ պայքարից հետո, կարողացել են վերադարձնել Հայ առաքելական եկեղեցին, բայց հիմա նորից խնդրի առաջ են կանգնած. Քիշնևի քաղաքապետարանն ուզում է վերցնել և ՛ եկեղեցին, և՛ հարակից հայկական գերեզմանատունը: «Քաղաքապետարանն ասել է՝ պետք է քննարկեն ու այդ հարցը լուծեն անպայման: Անընդհատ մեզանից թղթեր են ուզում: Հարյուրավոր թղթեր ենք տարել, մինչև այսօր էլ օդի մեջ է վիճակը. այդ տարածքը մեր եկեղեցունն է, իսկ մեզնից ուզում են վերցնել»,- պատմում է Քիշնևի հայ համայնքի ղեկավարը։
Մեր զրուցակիցը մտավախություն ունի, որ ուզում են իրեն անձնամբ վնասել, որպեսզի բողոքող չլինի, տարածքներն էլ ձեռքներից վերցնեն: «Բայց ես ասել եմ՝ չեմ նահանջելու: Դրանք մեր տարածքներն են, և մենք ոչ ոքի չենք տալու: Մոլդովայի ղեկավարությունը հռչակագիր է մշակել, որ 2003 թվականից բոլոր մշակութային արժեքներին 100 մետր մոտ ոչ ոք չի կարող գալ։ Հիմա այդ հռչակագիրը տվել են մեզ, և մենք քաղաքապետարանից պահանջել ենք, որ մեր տարածքում թաղումներ չկազմակերպեն: Հենց սկսեցինք մեր եկեղեցու համար պայքարը՝ գերեզմանատան կողմից մի կին բերել ու ապօրինի կերպով, առանց մշակույթի նախարարության, առանց քաղաքապետարանի թույլտվության՝ մեր տարածքում 2 անձի թաղում են կազմակերպել»:
Վեներա Գասպարյանը նշեց նաև, որ իրենք դատական հայց են ներկայացրել, և առաջին դատական նիստը կլինի սեպտեմբերի 15-ին, իսկ մինչ այդ մտավախություն ունի, որ իրեն ճնշելով և շանտաժի ենթարկելով՝ կփորձեն տարածքները հայ համայնքի ձեռքից խլել:
«Մենք միայնակ ենք այս պայքարում, ո՛չ Սփյուռքի նախարարությունը, ոչ էլ այլ կառույցներ մեզ չեն օգնում: Փորձում ենք խնդիրը ինքնուրույն լուծել, բայց վախենում ենք, որ հայկական այս տարածքները մեր ձեռքից կխլեն: Քաղաքապետարանն ասում է՝ ձեր գործունեությանը հարգանքով ենք վերաբերվում, բայց մեր դեմ մարդկանց են ուղարկում, որ շանտաժի ենթարկեն ու իրենց ուզածին հասնեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:














































