Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 130 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք՝ Չանքըրըի նահանգում, գտնվում է Թուրքիայի խոշորագույն աղի քարանձավը՝ Թուզ մաղարասը (որը թարգմանվում է հենց այդպես՝ աղի քարանձավ)։
Այդ քարանձավը Թուրքիայում աղի խոշորագույն աղբյուր է, որի մշակումը, գիտնականների կարծիքով, սկսվել է դեռևս խեթերի ժամանակ՝ ավելի քան 5000 տարի առաջ։ Դրա տարածքը կազմում է մոտ 100 հեկտար։ Տեղում կառուցված գործարանն արդյունահանում ու մշակում է աղը, որը ողջ Թուրքիայում օգտագործվում է սննդի ու արդյունաբերական նպատակներով։
Քարանձավը արտադրական օբյեկտին զուգահեռ զբոսաշրջային կենտրոնի վերածելու գաղափարը նահանգային իշխանությունների մոտ ծագել է միայն 2013 թվականին։ Նրանք պլանավորել են 150 մետր խորության վրա կառուցել առողջական ու գործարար համալիր՝ կոնֆերանսների դահլիճով ու ռեստորանով։ Մշտական ջերմաստիճանն ու խոնավության մակարդակը հնարավորություն են տալիս այստեղ բուժել բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց։













































