Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է բաց նամակ Շարլ Ազնավուրին:
«Մեծարգո պարոն Ազնավուր
Դուք մեր հայրենիքի, ազգի հպարտությունն եք ողջ աշխարհում: Բազմիցս ձեռք եք մեկնել և օգնել Հայաստանի ժողովրդին: Օգնել եք 88-ից սկսած` թե ֆինանսապես և թե Հայաստանի շահերը պաշտպանելով, ներկայացնելով ողջ աշխարհում: Հիմա ես` ՀՀ քաղաքացիս, գլուխ եմ խոնարհում Ձեր առջև և ասում եմ` ԲԱՎԱԿԱՆ Է:
Բավական է օգնել Հայաստանին, պետք է անկախությունից 2 տասնամյակ անց ունենանք Հայաստան, որն օգնության կարիք չունի: Հայաստան, որն ուժեղ է ինքն իրենով և չունի աղետի գոտիներին բնորոշ տարեկան մարաթոններ: Հայաստան, որի քաղաքացիները կոշիկ և հաց գնելու համար չպետք է լքեն իրենց հողը, ընտանիքները և մեկնեն այլ երկրներ` գումար վաստակելու: Հայաստան, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև` անկախ իրենց ազգականների ով լինելուց: Եվ վերջապես Հայաստան, որն աշխարհում առաջին հերթին պետք է ներկայանա ինքն իրենով: Ո±ւմ է պետք կիսադատարկ, աղքատ, կոտրված ոգով, օլիգարխիկ Հայաստան: Արդյոք սրա համար էիք Դուք և շատ ու շատ հայ մարդիկ պայքարում: Այսօր հայ մարդն այլևս չի կարողանում հանդուրժել այս ամենը, և օր օրի ավելի է մեծանում անդունդը ժողովրդի և իշխանության միջև:
Այս ամենը 4,5 տարի հետո կարող է հանգեցնել աղետալի իրադարձությունների Հայաստանի և հայի համար: Եվ հիմա ես, որպես հայրենակից, կանչում եմ Ձեզ Հայաստան: Կանչում եմ ոչ թե օգնելու ինձ կամ ինչ-որ քաղաքական ուժի, այլ ուղղակի հրավիրում եմ Ձեզ` կանգնել հայ ժողովրդի կողքին, տեր կանգնել նաև Ձեր ձեռքերով կերտած Հայաստանին ու հայաստանցուն:
Ապրիլի 9-ին հայաստանցիների մեծ մասը լինելու է Հանրապետության հրապարակում, սպասելու են Ձեզ և իրենց մյուս զավակներին, եղբայրներին և քույրերին: Որտեղ երդվելու է ժողովրդի կողմից ընտրված նախագահը: Հրավիրում եմ Ձեզ` գալ և կանգնել այդ օրը հարյուր հազարավոր Ձեր հայրենակիցների կողքին, գալ և ուղղակի լինել այնտեղ, որտեղ Ձեր ժողովուրդն է:
Ես հավատում եմ, որ Դուք կգաք, և սպասելու եմ Ձեզ Հանրապետության հրապարակում, ապրիլի 9-ին։
Լավագույն մաղթանքներով՝ ՀՀ քաղաքացի Ալեն Սիմոնյան»:










































