«ՀՅԴ-Ֆրանսիան ճնշում է իր երիտասարդներին»՝ հուլիսի 23-ին հաղորդել է ՀՅԴ «Նոր Սերունդ»-ի նախկին վարչությունը: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»։
Հաղորդագրության մեջ ասվում է. «101-ամյակին՝ մինչ «Նոր Սերունդ»-ի համար առաջնահերթ էին այն հարցադրումները, թե ուր է հասել թուրքական պետության նկատմամբ պահանջատիրությունը՝ Ցեղասպանության պատճառած վնասների հատուցման և հայկական ունեցվածքի վերադարձման հարցերը, ուր է հասել Ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ծրագիրը, դժբախտաբար՝ մնացել ենք հիշատակման լոկ խորհրդանշական երևույթների սահմանագծում՝ առանց ստանալու վերոնշյալ հարցերի պատասխանը:
Փակվելով Ցեղասպանության ոգեկոչման սահմաններում՝ հայ ժողովուրդը զրկվում է պայքարելու միջոցներից, հետևաբար՝ իր ապագայից»:
Այնուհետև «Նոր Սերունդ»-ի վարչության նախկին անդամներն ասում են, որ ներկայումս, դժբախտաբար, Սփյուռքը կասեցրել է պայքարը, և որ իրենք արտաքսվել են, որովհետև ցանկանում էին մեր դատի պատգամը բարձրաձայնել:
Նշվում է նաև, թե որպես «Նոր Սերունդ»-ի վարչության անդամներ՝ իրենք ընտրված էին Նորսերնդականների ձայներով, և այսօր պաշտոնանկ են եղել ՀՅԴ-Ֆրանսիայի Կենտրոնական Կոմիտեի կողմից: Վերջինս արհեստականորեն և հակաժողովրդավարական գործընթացով ստեղծել է «Ազգային Բյուրո»՝ իրենց փոխարինելու համար:
Այնուհետև նշել են մի քանի պատճառներ, որոնք դարձել են իրենց արտաքսման պատճառ: Ասվում է, որ ժողովրդավարության անտեսումը, որի զոհն են դարձել իրենք, հիմքում ունի քաղաքական պատճառներ։ Նախ՝ ՀՅԴ-Ֆրանսիան իրենց արգելել է զորակցել Պոլսի «Նոր զարթոնք» երիտասարդական շարժմանը, որը պայքարում է «Քամփ Արմեն»-ը փրկելու համար: Իրենց արգելված է զորակցել նաև «Հայաստանում ժողովրդավարության խնդիր ծավալած շարժմանը»: ՀՅԴ-Ֆրանսիայի հետ տարակարծության այլ պատճառ է մի քանի ամիս առաջ Փարիզում թուրք դեսպանի վրա խորհրդանշականորեն կեղծ արյուն ներարկած երիտասարդի պարագան: Իսկապես, ՀՅԴ-ն «Նոր Սերունդ»-ի տղաներից պահանջել է ներողություն խնդրել թուրք դիվանագետից, ինչը իրենք անընդունելի են համարում:
Ապա հարց է տրվում, թե «արդյոք ՀՅԴ Համաշխարհային Բյուրոյի անդամ Ֆրանկ (Մուրատ) Փափազյանի (որը հակակշռում է նաև ՀՅԴ-Ֆրանսիան) հարաբերությունները Ֆրանսուա Օլանդի հետ ավելի ծանրակշի՞ռ են, քան ՀՅԴ քաղաքական գիծը: Ինչպե՞ս կարելի է մեզնից՝ Հայ դատի նվիրյալներից պահանջել ներողություն խնդրել Թուրքիայի ներկայացուցչից: ՀՅԴ Համաշխարհային Բյուրոյի նախագահ Հրանտ Մարգարյանը տեղյա՞կ է արդյոք Փափազյանի արածներից։ հաստատե՞լ է դրանք»:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Շուրջ 15 տարի ՀՅԴ-Ֆրանսիան կազմալուծվում է իր իսկ վարիչների ձեռքով, դաշնակցական նվիրյալների արտաքսմամբ և Հայ դատի Պաշտպանության Կոմիտեի (CDCA) գործունեության առկախումով. 2002-2004թթ. Եվրոպայի Հայ դատի Հանձնախմբի (FEAJD) խորհրդանշական դեմքերի հեռացումից հետո ՀՅԴ ղեկավարները այս անգամ էլ որպես թիրախ ընտրել են երիտասարդությանը: …Ակնհայտ է առկա կառույցները տկարացնելու ՀՅԴ ղեկավարների կամքը, այն կառույցների, որոնք առնչվում են նվիրյալ շրջանակներին, մտավորականությանը, երիտասարդությանը:
Հիշեցնելով, որ «Նոր Սերունդ»-ը հիմնվել է 70 տարի առաջ՝ Շավարշ Միսակյանի կողմից, վերհիշում են նրա պատգամը՝ հղված երիտասարդությանը: Հաղորդագրությունն ավարտվում է վճռականություն արտահայտող տողերով, թե իրենք կշարունակեն հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին և արժեքներին, «սակայն այսօր այդ ամենը ոտնահարված են անձանց կողմից, որոնք շփոթում են հայկական ազգային շահերը և իրենց անձնական շահերը: Ինչ վերաբերում է մեզ, պիտի շարունակենք պայքարել ի խնդիր Հայ դատի՝ «Նոր Սերունդ»-ի շարքերից կամ այլուր: Քանի որ, մենք չենք պայքարում անձերի, այլ՝ գաղափարների և արժեքների համար»:








































