Mitsubishi Motors ճապոնական ավտոարտադրողը կդադարեցնի մեքենաների արտադրությունն ԱՄՆ-ում և կկենտրոնանա իր արտադրանքն արագ զարգացող ասիական շուկաներում խթանելու գործի վրա։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Արտադրությունից հրաժարվելու գլխավոր պատճառն ԱՄՆ-ում Mitsubishi-ի չափազանց ցածր վաճառքն է։
Իլինոյս նահանգի գործարանի հզորությունը կազմում է տարեկան 120 հազար ավտոմեքենա, սակայն 2014 ֆինանսական տարվա արդյունքներով (որն ավարտվել է ապրիլին) թողարկվել է 60 հազար քրոսովեր։
Մոտ ժամանակներս գործարանը կվաճառվի։ Ընկերությունը կսկսի իր գործարանները զարգացնել Թաիլանդում և Ֆիլիպիններում։
2012 թվականին ցածր վաճառքի պատճառով ընկերությունը որոշել էր դադարեցնել արտադրությունը ԵՄ-ում և վաճառել էր Նիդերլանդներում գտնվող գործարանը։







































