Անցած գիշեր Անգլիայի հարավարևելյան Սուսեքս կոմսության ճանապարհներին չդադարող ձյան պատճառով հազարավոր ավտոմեքենաներ արգելափակվել են:
BBC-ի հաղորդմամբ՝ շատ վարորդներ ստիպված են եղել մինչև 8 ժամ անցկացնել խցանման մեջ, որի երկարությունը հասել է մոտ 50 կմ-ի,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Օդերևութաբանների տվյալներով՝ այսօր գիշերը Անգլիայի հարավ-արևելքի որոշ շրջաններում եղել է մինչև 7 աստիճան ըստ Ցելսիուս ցուրտ: Նման ցուրտ երկրում մարտին չի եղել 1986-ից:
Իսկ Անգլիայի հյուսիսում և Շոտլանդիայում, որտեղ կլիման ավելի խիստ է, քան Մեծ Բրիտանիայի հարավում, մեղմ եղանակ է՝ 5-6 աստիճան զրոյից բարձր:
Ձյուն և ցուրտ է Լա-Մանշ նեղուցում գտնվող բրիտանական կղզիներում: Ջերսի կղզում երկուշաբթի օրը փակվել է օդանավակայանը:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Անգլիայի հարավում ցուրտը կշարունակվի մինչև հինգշաբթի:









































