Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո պլանավորում է մինչև 2020 թվականը նավթագազային նախագծերում ներգրավել 185 միլիարդ դոլար։ Այդ մասին այսօր Վիեննայում հայտարարել է Իրանի վառելիքի հարցերով փոխնախարար Ամիր Հուսեին Զամանինին, ով ներկայացրել է միջուկային գործարքի կնքումից հետո Իրանի տնտեսության վերականգնման պլանը։
Նրա խոսքերով՝ Թեհրանն ընդհանուր առմամբ հստակեցրել է 185 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գրեթե 50 նավթագազային նախագիծ, որոնց շուրջ համաձայնագրերը երկրի կառավարությունը հուսով է ստորագրել մինչև 2020 թվականի ավարտը։ Փոխնախարարը հայտարարել է, որ դրա համար Իրանը ստեղծել է նոր տիպի պայմանագիր (integrated petroleum contract, IPC), որը հաշվի է առնում բոլոր կողմերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ շահերը։
Զամանինին կանխատեսել է, որ պատժամիջոցների վերացմանը հաջորդող մեկ տարում նավթի հավելյալ մատակարարումների ծավալը կաճի մինչև օրական 1 միլիոն բարել, իսկ բնական գազի արդյունահանումը մինչև 2017 թվականի ավարտը կգերազանցի 1.1 միլիարդ խորանարդ մետրը։










































