Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը աջակցություն է հայտնել ներքին գործերի ներկայիս նախարար Վախթանգ Գոմելաուրիին նորաստեղծ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակմանը։ Պետական անվտանգության ծառայությունը ՆԳՆ-ից անկախ կսկսի գործել օգոստոսի 1-ից։
Նորաստեղծ ծառայությունը կպայքարի ահաբեկչության ու միջազգային կազմակերպված հանցավորության դեմ, ինչպես նաև օտար երկրների հատուկ ծառայությունների ապօրինի գործողություններից կպաշտպանի Վրաստանի պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ռազմական պոտենցիալը։
Վրաստանի խորհրդարանում Գոմելաուրիի թեկնածության օգտին միաձայն քվեարկել է խորհրդարանում ներկայացված 148 պատգամավորներից 83-ը։ Ավելի վաղ Վրաստանում հաստատվել է ՆԳՆ-ից անջատ Պետական անվտանգության ծառայություն ստեղծելու օրինագծերի փաթեթը։ Այդ գերատեսչությունը Վրաստանում վերացվել էր 2004 թվականին՝ Միխեիլ Սաակաշվիլու նախագահության ժամանակ։ Վերջին տարիներին պետանվտանգության պաշտպանության բոլոր գործառույթները տրվել են ՆԳՆ-ին։










































