«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո մինչև նոր կառավարության կազմի հրապարակումը չեն բացառվում կառավարության կառուցվածքային վերափոխումներ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ կարող են միավորվել Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմից դուրս կմնա միայն արտաքին հետախուզությունը: Երկու գերատեսչությունների միավորումից հետո Ոստիկանությունը կրկին կվերանվանվի Ներքին գործերի նախարարություն:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգող նախարարության վերջին նախարարը եղել է Սերժ Սարգսյանը: 1999թ. այդ կառույցը տարանջատվել է: Իսկ 2002թ. ՆԳՆ-ն դարձել է Ոստիկանություն, որը նախարարությունից վերածվել է կառավարությանն առընթեր մարմնի: Նույն ժամանակ նախարարությունից կառավարությանն առընթեր մարմնի՝ ծառայության կարգավիճակ է ստացել նաև ազգային անվտանգության նախարարությունը:










































