Երեկ մենք «Արտաշատի քննչական բաժնի քննիչները խոշտանգել են աղջկան, 4 ժամ շարունակ չեն թողել զուգարան գնալ, ջուր խմել» վերտառությամբ հոդված էինք հրապարակել, որում անդրադարձել էինք նախօրեին Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնի քննիչների անմարդկային վերաբերմունքին քաղաքացի Ժաննա Յուսուպովայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Արտաշատի բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում գիշերվա ժամին, առանց համապատասխան թույլտվության և ներկայանալու, մի քանի քննիչ խուզարկություն էին իրականացրել Ժաննայի բնակարանում, տակնուվրա արել այն, զվարճացել աղջկա ներքնազգեստների վրա, ապա խուզարկությունը ավարտելուց և ոչ մի բան չհայտնաբերելուց հետո Ժաննային ու ընկերուհուն, քաշքշելով, հրելով, ժամը 24-ին «քարշ էին տվել» Արտաշատի բաժին, որտեղ 3-4 ժամ պահելուց հետո նոր միայն բաց էին թողել: Ընդ որում՝ այդ ընթացքում քննիչը իրականության հետ կապ չունեցող ցուցմունք էր գրել և աղջկան ստիպել ստորագրել դրա տակ՝ հակառակ դեպքում սպառնալով նստեցնել: Ժաննան ստիպված, քանի որ հայերենին չի տիրապետում, չի գրում և չի կարդում, ստորագրում է ցուցմունքի տակ, որից հետո միայն նրանց հաջողվում է դուրս գալ բաժնից:
Քննիչների գործողությունների դեմ Ժաննան բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն ապարդյուն: Նրա բողոքն օրեր շարունակ մնացել է անարձագանք:
Մեր հրապարակումից հետո քննչական կոմիտեն սկսել է ուսումնասիրել կատարվածի հանգամանքները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Սակայն Ժաննա Յուսուպովան մեզ հետ զրույցում ասաց, որ ո՛չ հրապարակումից առաջ և ոչ էլ հետո որևէ մեկը իրեն չի զանգել և չի հետաքրքրվել կատարվածի հանգամանքներով:






































