Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Կատարից խոշոր ներդրումային ֆոնդ ղեկավարելու առաջարկ է ստացել: Դոհայում մտադիր են Եվրոպայի հարավում, Միջերկրածովյան տարածքում և Բրազիլիայում ներդրումների համար 500 մլն եվրո մոբիլիզացնել՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղեկությունը հաստատում է նաև տարածաշրջանի հարցերով մասնագետ, Ֆրանսիայում լույս տեսնող «Կատարի հանելուկը» գրքի հեղինակ Նաբիլ ան-Նասերը: «Ֆինանսական տեսանկյունից այս ծրագիրը լիովին իրագործելի է,- հետազոտողի խոսքը մեջբերում է «Մոնդ» թերթը:- Սակայն համաձայնելու դեպքում Սարկոզին ստիպված կլինի հրաժարվել քաղաքական կյանքին մասնակցությունից»:
Ֆրանսիացի վերլուծաբանները չեն բացառում, որ 58-ամյա Սարկոզին մեծ քաղաքականություն վերադառնալու փոխարեն կզբաղվի միջազգային դիվանագիտության գլոբալ հարցերով կամ խոշոր տնտեսական ծրագրերով:
Սարկոզիին շրջապատողների խոսքով՝ նախկին նախագահն իսկապես լավ հարաբերություններ է պահպանել Կատարի էմիրի հետ և շատ տարբեր առաջարկներ է ստանում, սակայն բիզնեսի ու քաղաքականության միջև ընտրություն առայժմ չի կատարել:








































