Հայաստանի օրվա նորությունը, իհարկե, կարելի է համարել «Յուքոմ» և «Օրանժ» ընկերությունների միջև բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունը, որով հանրությունը տեղեկացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոս փաթեթի վաճառքի մասին: Այլ կերպ ասած՝ «Յուքոմ» ընկերությունը գնում է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, որի բաժնետերը ֆրանսիական հանրահռչակ «Օրանժ» ապրանքանիշն էր, որն էլ 2009 թվականից գործում էր Հայաստանում որպես բջջային ոլորտի երրորդ օպերատոր:
Այսպիսով, 6 տարի անց «Օրանժը», ըստ էության, որոշում է հեռանալ Հայաստանից և վաճառել իրեն պատկանող բաժնեմասը: Միևնույն ժամանակ, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում կարծեք թե ի հայտ է գալիս բավական խոշոր մի նոր խաղացող, որն ունի, այսպես ասած, հայաստանյան ծագում՝ «Յուքոմ» ընկերությունը:
Հետաքրքրական է, որ «Յուքոմը», լինելով համեմատաբար երիտասարդ ընկերություն հեռահաղորդակցության ոլորտում, փաստորեն արձանագրում է իսկապես հսկայական հաջողություններ՝ նկատի առնելով այն, որ «Օրանժ Արմենիա» ընկերության ցանցը, մեղմ ասած, չէր կարող էժան «ապրանք» լինել:
Միաժամանակ նաև ակնհայտ է, որ «Յուքոմը» հայկական հեռահաղորդակցության և ՏՏ շուկայում արդեն զբաղեցրել է իր կայուն տեղը: Այսպիսով, Հայաստանի տնտեսական կյանքում արձանագրվում է իսկապես խոշոր գործարքի մասին, որն իհարկե ունի իր թեր և դեմ կողմերը, ըստ նախնական դիտարկման:
Խնդիրը առաջին հերթին այն է, որ Հայաստանում փաստորեն չստացվեց «Օրանժ» հեղինակավոր ապրանքանիշի գործունեությունը: Ֆրանսիական աշխարհահռչակ ընկերությունը Հայաստան գալով 2009-ին, ըստ էության, հեռանում է Հայաստանից տասնամյակն անգամ չլրացած: Իսկ «Օրանժը» մի բրենդ է, որին հետևում են ամբողջ աշխարհում, ըստ որում՝ ոչ միայն ոլորտային բիզնեսները: Եվ ուրեմն, եթե այդ բրենդը Հայաստանում դադարեցնում է իր գործունեությունը, սա կարող է հիմք տալ աշխարհի տարբեր ներդրողների՝ ըստ այդմ կարծիք կազմել Հայաստանի տնտեսական միջավայրի ու հեռանկարների մասին: Սա երևի թե ամենախնդրահարույց և մտահոգիչ հանգամանքն է, առավել ևս եթե նկատի ունենանք, որ Հայաստանում աշխարհահռչակ բրենդներն ու ընկերությունները, մեղմ ասած, այնքան էլ շատ չեն, միևնույն ժամանակ էլ՝ առավել ևս շատ չեն ընդհանրապես արևմտյան խոշոր ներդրումները մեր տնտեսության մեջ, ինչը տնտեսական անվտանգության դիվերսիֆիկացիայի կարևոր տարր է: Դրական է գուցե թե այն, որ այս անգամ գոնե գործարքի արդյունքում մենք չունենք ռուսական կապիտալի նոր էքսպանսիա ռազմավարական ոլորտ: Այսինքն՝ ողջունելի է, որ խոսքը վերաբերում է հայաստանյան տնտեսվարողի, որը, փաստորեն, ոլորտում ձեռք է բերում նոր դիրքեր և խոստանում նոր որակի ծառայություններ ու սպասարկում:
Թե այս ամենը երբ առարկայական տեսք կստանա, երբ կդառնա իրապես շոշափելի քաղաքացիների համար, սա արդեն ժամանակի ցույց տալիքն է: Սակայն այս զարգացումը իհարկե կարող է հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային նոր ալիք խթանել, ինչը բնականաբար ողջունելի է քաղաքացիների տեսանկյունից:
Այսուհանդերձ, գլխավոր արձանագրումը երևի թե պետք է լինի այն, որ Հայաստանն իհարկե ունի նմանօրինակ խոշոր տնտեսական գործարքների կարիք, որոնք տնտեսական կյանքի ակտիվության վկայություն են, որոնք նպաստում են տնտեսական շնչառությանը: Սակայն մեղմ ասած ցանկալի է, որ այդ գործարքների արդյունքում, իհարկե, և հայկական ընկերությունները դուրս գան առաջատար դիրքեր, ընդլայնեն իրենց հնարավորությունները, բայցև միաժամանակ Հայաստան գան առաջատար համաշխարհային ապրանքանիշեր, ոչ թե դուրս գան Հայաստանից: Սա Հայաստանի համար ռազմավարական նշանակության խնդիր է, նաև զգալիորեն քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիր:









































