«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը
– Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան կարգավորման գործընթացի նոր փուլը։ Ըստ էության, առաջին անգամ ԱՄՆ–ը խոսում է Ղարաբաղի անվտանգության մասին։ Ուորլիքը նշել է. «Հստակ է, որ Հայաստանը չի պատրաստվում տարածք վերադարձնել՝ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների: Ուստի նշել եմ անվտանգության երաշխիքների մասին, ներառյալ՝ միջազգային խաղաղապահ ուժերի»։ Այս ամենը կարո՞ղ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա լուրջ ազդեցություն ունենալ։
– Ընդհանրապես, համանախագահների հայտարարությունների մեջ պետք չէ ինչ-որ հեղափոխական բան փնտրել: Համանախագահների հայտարարությունները մեկնաբանելիս պետք է հաշվի առնել, որ միջնորդները չեն կարող բացահայտորեն այս կամ այն կողմի դիրքորոշումը պաշտպանել, նրանք պետք է հավասարակշռություն պահպանեն կողմերի միջև, քանի որ այլապես նրանց միջնորդական առաքելությունը կասկածի տակ կդրվի: Այսինքն, Ուորլիքը և մյուսները կաշկանդված են այդ միջնորդական առաքելության շրջանակներով: Սա պետք է հաշվի առնել, այլ ոչ թե ակնկալել, որ համանախագահները պետք է մեր դիրքորոշմանը աջակցող հայտարարություններ անեն և նեղանալ, երբ նրանք անում են հայտարարություններ, որոնք մեր դիրքորոշմանը չեն համապատասխանում: Այնուամենայնիվ, իրենց սովորական տեքստի շրջանակներից դուրս չգալով՝ համանախագահները երբեմն որոշակի հետաքրքիր շեշտադրումներ են անում: Այս առումով Ուորլիքի վերջին հայտարարությունները բավականին հետաքրքիր են: Դրանցից երևում է, որ հայկական կողմերի դիրքորոշմանն այսօր ավելի մեծ ըմբռնումով են վերաբերվում: Ուորլիքը, մնալով դիվանագիտական լեզվի շրջանակներում, որոշակի մեսիջ է ուղարկում կողմերին, հատկապես ադրբեջանական կողմին, որ չի կարելի կարգավորման մեկ տարրը, մասնավորապես՝ տարածքների հարցը առանձնացնել և սպասել, որ այդ հարցում կլինեն միակողմանի զիջումներ: Այդ շարքում ես կդնեի նաև Ուորլիքի այն հայտարարությունները, որ Ստեփանակերտի ձայնը պետք է տեղ գտնի համապարփակ կարգավորման մեջ, և որ հայկական կողմը տարածք չի վերադարձնելու, քանի դեռ լուծված չէ խաղաղապահների հարցը:
Կարծում եմ՝ այդ արտահայտությունները ցույց են տալիս, որ համանախագահները աստիճանաբար սկսում են ավելի իրատեսական կերպով ընկալել իրավիճակը, և այս առումով ողջունելի են: Եվ եթե մեզանում դրանք երբեմն հակառակ կերպով են մեկնաբանվում, դրա պատճառն այն է, որ մենք սովոր չենք դիվանագիտական լեզուն հասկանալուն:
– Ուորլիքը Երևանում վերահաստատել է ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ խնդրի համապարփակ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, նաև նշել, որ սա կետերից մեկն է և բանակցությունների տարր։ Արդյոք սա նորությո՞ւն էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի այս փուլում։
– Սա այն դեպքն է, երբ, ինչպես ասացի, մենք չենք հասկանում դիվանագիտական լեզուն և սխալ ենք ընկալում ասվածի իրական իմաստը: Մեզանում ոմանք Ուորլիքի այս հայտարարության մի հատված կտրեցին համատեքստից և ներկայացրին իբրև հակահայկական կամ ադրբեջանամետ մոտեցում: Եկեք նայենք, թե բառացիորեն ինչ է ասել: Այո, ասել է, որ տարածքները պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին, բայց միանգամից ավելացրել է, որ «չի կարելի ֆիքսվել կարգավորման մեկ տարրի կամ մեկ սկզբունքի վրա… Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաև այլ գործոններ… Հետևաբար մենք պետք է խոսենք համապարփակ կարգավորման մասին, դուք չեք կարող վերցնել միայն մեկ տեսանկյուն և պնդել, որ դա է կարգավորման հիմքը»:
Բոլոր միջնորդներն էլ միշտ խոսել են «տարածքների վերադարձի» մասին, սա նորություն չէ: Բայց հետաքրքիր է, որ Ուորլիքը շեշտում է, որ չի կարելի այս կետը տարանջատել հակամարտության կարգավորման մյուս կետերից: Այսինքն՝ եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, դա նշանակում է, որ քանի դեռ համապարփակ լուծում չկա, չի կարելի հայկական կողմից միակողմանի զիջումներ պահանջել և ակնկալել, որ դրանով հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց կարող է լինել: Այնպես որ, եթե կարողանանք ճիշտ ընկալել դիվանագիտական լեզվի առանձնահատկությունները, պարզ է դառնում, որ Ուորլիքի ասածի իրական իմաստը ճիշտ հակառակն էր, քան այն, ինչ մեկնաբանվեց մեզանում:
Բնականաբար, սա չի նշանակում, որ պետք է ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և մտածել, որ Ուորլիքը կամ մյուս համանախագահները կարող են հանդես գալ հայամետ դիրքերից: Պարզապես խնդիրն այն է, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանության դիրքորոշումը գնալով ավելի արմատական է դառնում, և նրան փորձում են հետ բերել կառուցողական դաշտ:
– Հակամարտության լուծումն այս պահին արագացնելու ջանքեր տեսնո՞ւմ եք համանախագահների մոտ։
– Եթե մի քանի տարի առաջ կային հույսեր, որ կկայանա գոնե ինչ-որ շրջանակային համաձայնություն, կամ որ կլինի որոշակի առաջընթաց հակամարտության լուծման գործում, կարծում եմ՝ այսօրվա միջազգային իրադրության մեջ այդ ամենի հավանականությունը շատ փոքր է: Այլ խնդիր է, որ կան խաղի որոշակի կանոններ, և այդ կանոնները պահանջում են, որ միջնորդները մշտապես լավատեսական կեցվածք ունենան, ժամանակ առ ժամանակ խոսեն «հնարավորությունների պատուհանների» մասին և այլն: Նրանք նաև պետք է ժամանակ առ ժամանակ որոշակի առաջարկներ անեն (կամ վերաձևակերպեն եղած առաջարկները), որպեսզի բանակցային սեղանին ինչ-որ բան դրված լինի, և գործընթացը չդադարի: Կարծում եմ, որ հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել միջնորդ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, այդ թվում՝ Լավրովի վերջին հայտարարությունը «տեսանելի ապագայում» առաջընթաց ապահովելու մասին:
– Կան այսօր նախապայմաններ, որպեսզի Ղարաբաղյան հարցն այսօր լուծվի։
– Անգամ մի քանի տարի առաջ այդպիսի պայմաններ չկային: Այսօր, երբ մեր տարածաշրջանում սրվում են հակամարտությունները, և հարցերը լուծվում են ուժի, այլ ոչ թե համագործակցության միջոցով, այդպիսի պայմաններ առավել ևս չկան: Միակ դրական գործոնը այս պայմաններում Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացումն է, սակայն, նախ, այն դեռևս կարող է տապալվել, քանի որ լուրջ ուժեր են դրա դեմ հանդես գալիս, և, երկրորդ, անգամ եթե չտապալվի, բավականին բարդ և երկարատև գործընթաց է լինելու: Պահանջվելու են տարիներ, որ այդ գործընթացի դրական ազդեցությունը զգացվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հետևաբար Ղարաբաղյան կարգավորման գործում պետք է դնել ավելի համեստ և իրատեսական նպատակներ` վերսկսել առարկայական երկխոսությունը կողմերի միջև, կրճատել սահմանային միջադեպերի քանակը կամ գոնե կանխել դրանց հետագա էսկալացիան, վերականգնել քաղաքացիական հասարակությունների միջև շփումները: Եվ, իհարկե, ամենակարևոր նպատակն այս փուլում պետք է լինի կանխել լայնածավալ պատերազմը, որի վտանգը գնալով մեծանում է, և որը աղետալի հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:










































