Չինաստանի Զինված ուժերը պետք է բացարձակ նվիրվածություն դրսևորեն կուսակցությանը, ամրապնդեն մարտական պատրաստվածությունը, հետևեն կարգուկանոնին և պատրաստ լինեն ցանկացած պատերազմում հաղթանակի: Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Կենտրոնական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սի Ցզինպինը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի պատվիրակության հետ քննարկումների ժամանակ կոչ է արել ԶՈւ անձնակազմին բարձրացնել երկրի պաշտպանողունակության և ռազմական զարգացման մակարդակը:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի բացմանը հնչել է Չինաստանի ֆինանսաների նախարարության զեկույցը, որում ասվում է, որ 2013-ին Չինաստանի ծախսերը ազգային պաշտպանության վրա կկազմեն 114 մլրդ 300 մլն դոլար՝ անցած տարվա ցուցանիշից 10.7 տոկոսով ավելի:
Այդ նստաշրջանի վրա է սևեռված ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան մամուլի, քաղաքական ու հասարակական գործիչների ուշադրությունը, քանի որ պետք է տեղի ունենա իշխանության փոխանցման գործընթաց չինացի ղեկավարների «5-րդ սերնդին»:









































