Հյուսիսկորեական իշխանությունները պարբերաբար մարդկության դեմ հանցագործություններ են կատարում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հյուսիսային Կորեայում Մարդու իրավունքների վիճակի հարցով ՄԱԿ-ի համազեկուցող Մարզուկի Դարուսմանը:
Նա առանձնացրել է 9 ձևի խախտումներ, այդ թվում՝ ազգաբնակչությանը սննդից զրկելը, կտտանքները, հափշտակությունները, անօրինական ձերբակալությունները, ռազմագերիների ճամբարները և ինքնաարտահայտման ազատության արգելքը:
«Ես կարծում եմ, որ նշված ինը խախտումներից եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնք պարբերաբար կիրառվում են Հյուսիսային Կորեայի խաղաղ բնակչության դեմ»,- ասել է Դարուսմանը:
ՄԱԿ-ի Ժնևյան մասնաճյուղում հյուսիսկորեական առաքելության ներկայացուցիչ Սո Սե Թհեն, իր հերթին, հայտարարել է, որ ՄԱԿ-ի համազեկուզողը համագործակցում է «թշնամի ուժերի հետ»՝ Ճապոնիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի:








































