Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի արած հայտարարությունը մտահոգիչ է։
Խամենեին ելույթ ունենալով Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ՝ հայտարարել էր, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղիղ հակասում է Իրանի քաղաքականությանը, և որ Իրանը չի պատրաստվում միջազգային հարցերի շուրջ երկխոսել ԱՄՆ-ի հետ։ Խամենեին ընդգծել է, որ իրանական ատոմի շուրջ բանակցությունները եղել են բացառություն։
Դրա հետ կապված՝ Ջոն Քերին հայտարարել է. «Ես չգիտեմ, թե ներկայումս ինչպես պետք է մեկնաբանել դա՝ բացառությամբ ուղիղ ձևով ընդունելուց, որ դա նրա քաղաքականությունն է։ Սակայն ես գիտեմ, որ հրապարակային հայտարարություններն ու դրանց հաջորդած զարգացումները հաճախ են տարբերվում։ Եթե դա նրա քաղաքականությունն է, ապա դա շատ մտահոգիչ է»։
Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կատակում, երբ խոսում է ծայրահեղականության, ահաբեկչության դեմ պայքարի կարևորության մասին, որոնք ապակայունացնում են այլ երկրներում տիրող իրավիճակը։









































