ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Երևանում սկսել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվ նոր շրջափուլի տարածաշրջանային մասը: Շրջափուլը մեկնարկել է Վաշինգտոնից, շաբաթներ առաջ, որտեղ Մինսկի խմբի համանախագահների եռյակը հանդիպումներ է ունեցել պետքարտուղարության, Պենտագոնի, ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ: Մի քանի օր հետո Մոսկվայում հանդիպումներ եղան Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև:
Երեկվանից համանախագահները Երևանում են, հետո կլինեն Բաքվում: Ադրբեջանի արտգործնախարարը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ համանախագահները կգան Սարգսյան-Ալիև հանդիպում պատրաստելու համար: Մինչ համանախագահների գալը, հուլիսի 17-ին Մոսկվա մեկնեց Էլմար Մամեդյարովն ու հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: Լավրովը հայտարարեց, որ բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակն է, իսկ Մամեդյարովն էլ հույս հայտնեց, որ իրանական խնդրից հետո մի օր էլ համաձայնություն կլինի ղարաբաղյան հարցում: Հուլիսի 18-ին էլ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր շրջափուլը նախորդներից աչքի է ընկնում նրանով, որ ներկայումս ակտիվորեն խոսվում է Մադրիդյան սկզբունքների մասին: Թվում էր՝ մոռացված, պատմության գիրկն անցած այդ սկզբունքներն այլևս անվերադարձելի են: Սակայն առնվազն միջնորդ համանախագահների բառապաշար դրանք վերադարձել են և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջին օրերին բավական հաճախ և ակտիվ հղումներ է անում Մադրիդյան սկզբունքների մեջ ամրագրված կետերին: Այդ հղումները պարզ հարց են առաջացնում, թե արդյո՞ք համանախագահները մտադիր են այդ սկզբունքների շուրջ ինչ-որ փաստաթուղթ առաջարկել հակամարտող կողմերին, որը կստորագրվի Սարգսյան-Ալիև մոտալուտ հանդիպմանը:
Երևանում ընդունելով Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ ասելով, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը վաղուց արդեն անքննարկելի է միջազգային ասպարեզում, իսկ դրանից հետո հայկական կողմը պատրաստ է «ողջամիտ զիջումների»: Հայկական կողմը բավական երկար ժամանակ է՝ չէր խոսել նմանօրինակ զիջումների մասին: Թե ինչու հանկարծ Սերժ Սարգսյանը որոշեց անել դա այն օրը, երբ ՀՀ-ում էին Մինսկի խմբի համանախագահներն ու Ջեյմս Ուորլիքը, դժվար է ասել:
Սրան զուգահեռ՝ մեկ այլ հետաքրքրական իրողություն է և այն, որ ղարաբաղյան բանակցության նոր ակտիվ փուլում միջնորդները կարծեք թե ուշադրության կենտրոն են վերցրել նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Մի քանի օր առաջ Օսկանյանին հանդիպել էր Հարավային Կովկասի հարցերով ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Երեկ Վարդան Օսկանյանին է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: Այս հանդիպումները անկասկած ուշագրավ են ոչ միայն Վարդան Օսկանյանի ներկայիս քաղաքական կարգավիճակի կոնտեքստում, երբ նա հանդիսանում է ԲՀԿ-ից հեռացած պատգամավորներից մեկը և միաժամանակ հավակնում է հիմնել նոր քաղաքական ուժ, որը, ըստ մամուլի, կգործի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղեծրում:
Օսկանյանի հանդեպ ուշադրությունն առաջին հերթին հետաքրքրական է նրանով, որ հենց Վարդան Օսկանյանն է ընդունել ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի շրջանակում 2007թ. նոյեմբերին հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքները, որոնք Երևանն ընդունել է որպես բանակցությունների հիմք: Եվ այն, որ ներկայումս միջնորդները բավական ակտիվորեն հղում են անում այդ սկզբունքներին և նաև ուշադրության կենտրոն են վերցրել դրանք ընդունած արտգործնախարար Օսկանյանին՝ իրավիճակը դարձնում է իսկապես հետաքրքիր և առաջացնում է մի շարք հարցեր:
Բացառված չէ, որ հայկական կողմը համանախագահների հետ քննարկումներում հղում է անում այն հանգամանքին, որ Մադրիդյան սկզբունքները ընդունած նախագահն ու արտգործնախարարը այլևս չկան, իսկ ներկայիս նախագահն ու արտգործնախարարը պատասխանատու չեն այդ սկզբունքների համար, կամ հայկական կողմը գուցե հղում է անում ինչ-որ «թյուրիմացությունների», որ առաջացնում է այդ իրավիճակը, ինչն էլ համանախագահների մոտ առաջացրել է, այսպես ասած, Օսկանյանի հետ «առերեսման» անհրաժեշտություն:
Ընդհանուր առմամբ, մի բան կարծեք թե ակնհայտ է՝ շատ դժվար է թվում, որ ներկայումս ՀՀ իշխանություններն ի վիճակի լինեն ընդունել Մադրիդյան սկզբունքները որևէ ստորագրվող փաստաթղթի տեսքով, եթե անգամ Բաքուն պատրաստ լինի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ կա Ղարաբաղի կարգավիճակի ամրագրման մասին խոսք: Երեկ Երևանում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ առանց կարգավիճակի հստակեցման անհնար է համապարփակ կարգավորում: Դժվար է պատկերացնել, որ այդ պարագան էլ այսօր ունակ է ընդունել Ալիևը:
Եվ այս տեսանկյունից քիչ հավանական է թվում, որ ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլը կարող է ավարտվել որևէ փաստաթղթի ստորագրմամբ: Եվ երևի թե դա կարևորն էլ չէ: Կարևորն է, որ այն չավարտվի ռազմական գործողությունների թեժացմամբ:











































