Mozilla ընկերությունը չի ծրագրում թողարկել Firefox դիտարկիչի տարբերակ iOS օպերացիոն համակարգի համար: Այս մասին SXSW-2013 փառատոնի շրջանակում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Mozilla-ի փոխնախագահ Ջեյ Սալիվանը՝ հայտնում է CNET News-ը:
iOS օպերացիոն հարթակի համար դիտարկիչի տարբերակի մշակումից հրաժարվելու պատճառը Սալիվանը բացատրել է այլ դիտարկիչների նկատմամբ Թիմ Կուկի ընկերության «թշնամական վերաբերմունքով»: Նա բացատրել է, որ այլ ընկերությունների արտադրանքների վրա Apple-ի կողմից դրվող սահմանափակումների պատճառով Mozilla-ն ի վիճակի չէ iPhone, iPod touch և iPad սարքերի համար թողարկել լիարժեք դիտարկիչ, այդ իսկ պատճառով նախընտրում է չխառնվել այդ գործին:
Սալիվանի դիրքորոշումը կիսել են SXSW-2013-ին ներկա Opera և Dolphin դիտարկիչները մշակողները:
Apple ընկերությունը իսկապես կողմնակի դիտարկիչներ մշակողներից պահանջում է որոշակի կանոնների պահպանում: Առաջին հերթին՝ նրանց արտադրանքը չի կարող iOS-ի համար կիրառվել որպես լռելյայն գործարկվող դիտարկիչ: Այդպիսին կարող է լինել միայն Apple-ի սեփական դիտարկիչը՝ Safari-ն: Բացի այդ, մշակողները չեն կարող դիտարկիչներում կիրառել JavaScript-ը մշակող Nitro շարժիչը, որի փոխարեն առաջարկվում է ավելի դանդաղ գործող UIWebView-ն:








































