Qatar Holding ընկերությունը մեկուկես տարի տևած փաստաթղթերի ձևակերպումից հետո փակել է Հոնիական ծովում անմարդաբնակ հունական կղզիները գնելու գործարքը: Այս մասին հաղորդում է The Guardian բրիտանական թերթը:
«Այդպիսի վայր է Հունաստանը: Եթե նույնիսկ դուք կղզի եք գնում և եթե նույնիսկ դուք Կատարի էմիրն եք, ձեզանից այնուամենայնիվ կպահանջվի մեկուկես տարի թղթաբանության համար»,- նշել է Իտակիի ղեկավարը, որի վարչական ենթակայության տակ են գտնվում արաբներին վաճառված կղզիները:
Կատարի էմիր Համադ բին Խալիֆա Ալ-Թանին վեց փոքր կղզիները ձեռք բերելու համար վճարել է 8.5 միլիոն եվրո: 5 միլիոն եվրո վճարվել է դրանցից ամենամեծի՝ Օխիայի համար, որի մակերեսը շուրջ չորս ք.կմ է: Ալ-Թանին մտադիր է կղզիները վերածել ընտանեկան հանգստավայրի: Նշենք, որ նա ունի երեք կին և 24 որդի ու դուստր:
Թերթի տվյալներով՝ ներկայումս էմիրը փորձում է հասնել նրան, որպեսզի Հունաստանի իշխանությունները չեղյալ համարեն օրենքը, որը սամանափակում է տան չափսերը, որը մասնավոր հողատերը կարող է կառուցել իր համար:
Իտակիի քաղաքապետի խոսքերով՝ արաբ շեյխի հետ հարևանությունը կօգնի նաև բնակիչներին: Ալ-Թանին մասնավորապես խոստացել է լուծել խմելու ջրի հետ կապված խնդիրը: Ջրախողովակի նախագծումն արդեն սկսվել է:











































