Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Բիրմինգեմի դպրոցում հանդես է եկել ծրագրային ելույթով, որտեղ պատերազմ է հայտարարել ծայրահեղականությանը` բրիտանական հասարակության` որպես միասնական ազգի տեսակետից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իր ելույթում Քեմերոնը ընդգծել է, որ մուսուլմանները նշանակալի ավանդ են ներդնում բրիտանական հասարակության մեջ, և անհրաժեշտ է պայքարել ոչ թե իսլամի, այլ իսլամիզմի դեմ, և նա անձամբ պատրաստ է աշխատել բոլորի հետ, որպեսզի կարողանան հաղթել այդ թույնին:
Քեմերոնի խոսքերով՝ նույնիսկ նրանք, ովքեր չեն աջակցում բռնությանը, կարող են տոգորված լինել որոշակի ծայրահեղական գաղափարներով, քանի որ մուսուլմանների արմատականացման գործընթացը հաճախ սկսվում է ոչ բռնի ծայրահեղական գաղափարներից:
Ըստ նրա՝ այդպիսի գաղափարներից մեկն այն է, որ Իրաքի պատերազմը իբր իսլամիստների վրեժխնդրության ձգտումն է: Քեմերոնը կոչ է արել չմատնանշել աղքատությունը, քանի որ ահաբեկիչներից շատերը լիարժեք օգտվել են արևմտյան կրթությունից և բարեկեցությունից: Նա ընդունում է այն ցավալի փաստը, որ որոշ մարդիկ, չնայած ծնվել են Մեծ Բրիտանիայում, այնուամենայնիվ իրենց չեն զգում այդ հասարակության մի մասը: Նրանց թվում է, որ ԴԱԻՇ-ը իրենց կարող է տալ հասարակությանը պատկանելու զգացողությունը, ինչը իրենք չունեն:
«Մեր ամենաուժեղ զենքը մեր հումանիտար արժեքներն են: Մենք պետք է հակադրենք մեր արժեքները նրանց կեղծավորությանը, շահագործմանը և աստվածապետությանը»,- շարունակել է Դեվիդ Քեմերոնը:
«Դուք այդ շարժման գնահատված մասնակիցներ չեք դառնա, նրանց համար դուք թնդանոթի միս եք»,- հայտարարել է Դեվիդ Քեմերոնը` դիմելով ուղղակի դեռահասների լսարանին:
Ապա նա կոչ է արել շատ եթերաժամեր տրամադրել մուսուլմանական համայնքի միայն չափավոր ներկայացուցիչներին:










































