Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի սահմանի մոտ, երկուշաբթի տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ամենաքիչը 30 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է թուրքական CNN Türk հեռուստաալիքը, մոտ հարյուր մարդ էլ վիրավորվել է:
Ոստիկանության ներկայացուցչի տվյալներով՝ ահաբեկչությունը կատարել է 18-ամյա աղջիկը, ով պայթուցիկ սարքը գործի է դրել Շանլիուրֆա նահանգի Սուրուչ վարչական շրջանի Ամար մշակութային կենտրոնի շենքի մուտքի մոտ: Այդտեղ ապրում են մոտ 300 երիտասարդ մարդիկ` Սոցիալիստական երիտասարդության հասարակության ֆեդերացիայի ներկայացուցիչները: Պայթյունը տեղի է ունեցել նրանց հավաքի ժամանակ:
Իրավապահ մարմինները համարում են, որ ահաբեկչության հետևում կանգնած են ԴԱԻՇ-ի զինյալները:
Մահացածների և տուժածների ընտանիքներին իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ահաբեկչությունը չունի կրոն, չունի երկիր, չունի ազգություն: Որտեղից էլ այն գա, միշտ էլ անիծված կլինի: Ամբողջ աշխարհը պետք է պայքարի այդ չարիքի դեմ: Ցավակցում եմ զոհվածներին և շուտափույթ առողջացում մաղթում տուժածներին»,- հայտարարել է նա:










































