News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի նոր դեսպան Բետինա Կադենբախի հետ։ Հանդիպման ժամանակ Խիդաշելին հայտարարել է, որ Գերմանիան և ԱՄՆ-ը Վրաստանի ամենակարևոր գործընկերներն են։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ու ապագայի պլանները։ Խիդաշելին հայտարարել է. «Կարող ենք համարձակորեն ասել, որ Գերմանիան ԱՄՆ-ի հետ մեկտեղ ամենակարևոր գործընկերն է։ Գերմանական կողմը գործնականում մասնակցում է բոլոր ուղղություններին։ Շատ մեծ է նրա դերը պաշտպանության նախարարության վերափոխման ու ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտենալու հարցում»։
Գերմանացի դիվանագետն իր հերթին աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրաինտեգրման ձգտումներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Բեռնարդ Հոպը։









































