Barclays բրիտանական խոշորագույն բանկի գլխավոր տնօրեն Էնթոնի Ջենքինսը կոչ է արել կրճատել 40 հազար աշխատակցի՝ անձնակազմի շուրջ 30%-ին: Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, այս մասին Ջենքիսնը գրել է ֆինանսական հաստատության ներդրողներին:
Այժմ Barclays-ն ունի 140 հազար աշխատակից: Ջենքինսի խոսքերով՝ բանկը կարող է մրցունակ լինել, եթե կարողանա կրճատել ծախսերը: Աշխատատեղերի կրճատումը պետք է նպաստի ֆինանսական հաստատությունների մասնագիտացմանը:
The Financial Times պարբերականի աղբյուրները հաղորդել են, որ անձնակազմի կրճատումը բանկի ծրագրի հաստատումը չէ, սակայն ցանկալի նպատակ է առաջիկա 10 տարիների համար:
Էնթոնի Ջենքինսը Barclays-ի գլխավոր տնօրեն է դարձել LIBOR-ի խաբեությունների հետ կապված սկանդալի ֆոնին: 2012 թ. հունիսին Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկը ընդունեց իր մեղքը և համաձայնեց վճարել 290 միլիոն ֆունտ տուգանք: Շուտով ֆինանսական հաստատությունը լքեցին տնօրենների խորհդի նախագահ Մարկուս Էյջիուսը և գլխավոր տնօրեն Բոբ Դայմոնդը:
Ջենքինսը խոստացավ վերանայել ֆինանսական կազմակերպության զարգացումը և փոխել հանրության բացասական վերաբերմունքը Barclays-ի հանդեպ:
Փետրվարի սկզբին բանկը հայտարարել է 3700 աշխատատեղերի կրճատման մասին: Կրճատումների միջոցով բանկը պետք է խնայի 1.7 միլիարդ ֆունտ (2.7 միլիարդ դոլար):









































