«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:
– Պարոն Բաղդասարյան, ի՞նչ էական տարբերություններ եք տեսնում 1995թ. և գործող սահմանադրությունների ու սահմանադրական փոփոխությունների այս նոր նախագծի միջև:
– Այս նախագիծը դրականորեն տարբերվում է այն առումով, որ իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացված չէ մեկի ձեռքում: Բայց այս նոր նախագծում կա մի կարևոր բան, որն իրեն դարձնում է անընդունելի: Սահմանադրությունը միայն իրավական փաստաթուղթ չէ, այն իրավակարգավորիչ նշանակություն ունի և պետք է լեգիտիմ լինի: Առաջարկողները պետք է ունենան վստահության պաշար: Այս իշխանությունները ժողովրդի մոտ չունեն վստահության որևէ պաշար, ով հակառակը կպնդի՝ թող գնա հարցնի Արմեն Աշոտյանին և Գորիկ Հակոբյանին: Գ. Հարությունյանը չունի այդ վստահությունը, քանի որ իշխանության կարկառուն ներկայացուցիչ է: Հետևաբար նրա ղեկավարած խումբը չի կարող ծնել այն փաստաթուղթը, որը Հայաստանին է պետք:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախագծին, ապա շատերն այն խորությամբ չուսումնասիրելով՝ կասեն, թե իր իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի նախագահին տվել է գերլիազորություններ, որ ինքը ստանա այդ պաշտոնը: Բայց կա մի շատ կարևոր հանգամանք՝ ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածը Կոմկուսի վճռորոշ և առաջատար դերի մասին էր, մնացած ամեն ինչ լավ էր գրած: Նույնիսկ 1990-ականների կառավարության կազմավորման կարգը, որը դեռ ԽՍՀՄ ժամանակներինն էր, շատ ավելի դեմոկրատական էր, քան թե դրանից հետո բոլոր սահմանադրություններում կառավարության կազմավորման կարգը: Վազգեն Մանուկյան վարչապետը կառավարության յուրաքանչյուր անդամին բերում էր խորհրդարան, որ խորհրդարանը հաստատի: Իսկ ներկայացված նախագծում ԽՍՀՄ-ի Սահմանադրության նման առաջարկված է, որ խորհրդարանում պարտադիր պետք է կուսակցական մեծամասնություն լինի, ու առաջարկվում է ընտրության երկփուլանի համակարգ: Եվ ողջ մեխը թաղված է այդտեղ: Պետք է կուսակցության բացարձակ իշխանությունն ապահովվի: Եթե խորհրդային Սահմանադրության մեջ գրված էր, որ առաջնորդող ուժը Կոմկուսն է, ապա այստեղ դրա փոխարեն գրված է, որ առաջնորդող ուժը պետք է կուսակցությունը լինի: Ճիշտ է, գրված չէ, թե որ կուսակցությունը, բայց քանի որ այս փոփոխություններն առաջարկողը Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունն են, ուրեմն առաջնորդությունը տրվում է ՀՀԿ-ին՝ սահմանադրական մեխանիզմներով: Ավելին՝ ոչ ԱԺ նախագահին, ոչ էլ վարչապետին բացարձակ իշխանություն տրված չէ, և այնպես է արված, որ սրանցից ոչ մեկը չունենալով բացարձակ իշխանություն՝ ենթարկվի մեծամասնություն ունեցող ուժին: Եվ ով ղեկավարի այդ ուժը, նա էլ կղեկավարի հանրապետությունը: Բրեժնևը պետական պաշտոն չուներ: Նա ոչ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ էր, ոչ էլ՝ վարչապետ: Նա Կոմկուսի քարտուղարն էր, և բոլորը նրան էին ենթարկվում: Այս նախագծում էլ նույն մեխանիզմն է առաջարկվում:
– ԱԺ ընտրությունների համար առաջարկվում է երկփուլանի համակարգ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սա իրենից ենթադրում:
– Աշխարհում գոյություն չունեն նման խորհրդարանական ընտրություններ: Գ. Հարությունյան-Վարդան Պողոսյան ուսուցիչների միջոցով Ս. Սարգսյանը նման փորձարկում է հիմա անում: Ինչ-որ մեկը մտածում է, որ այս ճանապարհով ապահովում է կուսակցության լիդերությունը, Գենսեկի պաշտոնն են ապահովում: Բայց ասեմ, որ լավ չեն հաշվել: Իրավիճակից կախված՝ վարչապետը կարող է ողջ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Նույն բանը կարող են անել նաև ԱԺ նախագահը և ՀՀ նախագահը: Այսինքն՝ եթե հաշվարկել են, որ կունենան երեք իրագործողներ, որոնք կենթարկվեն իրենցից դուրս անպատասխանատու գենսեկին, լավ չեն հաշվել՝ հեղափոխությունը պատրաստ է: Սա համաշխարհային խաղացող ԽՍՀՄ-ը չէ, սա մի փոքր երկիր է: Առաջարկվում է համակարգ, որտեղ կա իշխանության երեք թև, որոնցից որևէ մեկը չունի ամբողջական իշխանություն, բայց, հավատացնում եմ, անպայման կձգտի ունենալ, անպայման մեկը մյուսին կգցի: Իսկ դա պետական հեղաշրջման հիմքն է:
Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Ս. Սարգսյանն այն շախմատիստն է, ով էն գլխից ամեն ինչ հաշվարկել է, ես երաշխավորում եմ, որ նա այդ մարդը չէ, ամեն ինչ չի հաշվել, ինչպես ժամանակին չէր հաշվել Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իր առաջարկած Սահմանադրությամբ ինքը հավերժ իշխանության չի մնա: Ինչպես Վազգեն Սարգսյանը չէր հաշվել, որ այդ Սահմանադրությամբ իշխանությունը հավերժ իրեն չի տրվի: Ինչպես Ռոբերտ Քոչարյանը սխալ էր հաշվել, որ իր Սահմանադրությունից հետո ինքը կվերադառնա: Հիմա էլ ասում եմ, որ սխալ է հաշվում Ս. Սարգսյանը: Այս նախագծով ընդունվող Սահմանադրության պարագայում անպայման հեղաշրջում կլինի, ու դա լավ կլինի: Դա կարող են անել թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ նախագահը և թե՛ ՀՀ նախագահը, որոնց լիազորությունները թվում է, թե տարաբաժանված են, բայց յուրաքանչյուրի մեջ կա ողջ իշխանությունն իրենով անելու հնարավորություն:
– Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Ս. Սարգսյանը չի ցանկանում ԱԺ նախագահ դառնալ, իսկ մինչ այդ Ս. Սարգսյանը հայտարարել էր, որ եթե ընդունվի խորհրդարանական կառավարման համակարգը, ինքը վարչապետ չի դառնա:
– Այո, բայց երբ հասկացավ, որ Գենսեկ լինելն իրեն երաշխավորված իշխանություն չի տա, կարող է հրաժարվել այդ մտքից: Դեռ գլխի չի ընկել:
– Ինչո՞ւ եք գլխի գցում:
– Ես ասում եմ, որ իրար ուտեն: ՀՀ-ն միջազգային խաղացող չէ: Հայաստանը ետնախորշում գտնվող մի մարիոնետ երկիր է, որտեղ տերերը եթե ուզենան, որ վարչապետը դառնա առաջին դեմքը, նրան կդարձնեն: Ուզենան ԱԺ նախագահը դառնա, նա կդառնա: Հետևաբար պնդում եմ, որ Ս. Սարգսյանը չի հասնի իր ուզածին: Եթե անգամ կարճ ժամանակով հասնի, դա կլինի պյուռոսյան հաղթանակ և մի քանի տարի հետո երնեկ կտա Վազգեն Սարգսյանին: Ես նույն խոսքերն ասել եմ 1998թ. մայիսին, թե այսպես որ շարունակվի, Վ. Սարգսյանը երնեկ կտա Վանո Սիրադեղյանին: Վստահաբար ասում եմ, որ այս համակարգը մեր պետությանը ետ է տանելու և սարքելու է որբի գլխի նման մի բան, որի վրա վարսավիրություն են սովորում Գ. Հարությունյանի ղեկավարած խումբը և Ս. Սարգսյանը:
Եթե Հայաստանը ստեղծի այնպիսի պետական իշխանություն, որի թիկունքին ժողովրդի մեծ մասն է կանգնած, հնարավոր է, որ մենք դուրս գանք այս բարդ իրավիճակից: Պետության զարգացման համար հիմնական ցուցանիշներ կան՝ դեմոգրաֆիական, տնտեսական, մշակութային, հոգեբանական: Այս բոլորը բացասական աճ ունեն: Մինչդեռ մարտահրավերները գնալով աճում են: Նախ Հայաստանը պետք է ընտրի պետական կառավարման այնպիսի համակարգ, որտեղ դատարաններն անկախ լինեն, իսկ ընտրությունները՝ լեգիտիմ:
– Առաջարկվող նախագիծը չի՞ ապահովում դատարանների անկախությունը:
– Ո՛չ, այս նախագիծը նման երաշխիք չի տալիս: Եթե գործադիր և օրենսդիր իշխանությունները մի կուսակցության ձեռքում են, անկախ դատական համակարգ չի կարող լինել: Պետք է լինեն համակարգային հակակշիռներ: Պետք է այնպիսի դատական համակարգ ստեղծել, որը անկախ կլինի գործադիր և օրենսդիր իշխանություններից, միաժամանակ պատասխանատու լինի օրենքի առաջ: Գործող համակարգում դատավորներին նշանակում է նախագահը: Թեև ուրիշ բան է նշված, բայց ինչպես տեսնում եք, դատավորները երդվում են նախագահի առաջ՝ գործադիր իշխանության ղեկավարի առաջ դատավորը երդվում է, որ ծառայում է հայրենիքին: Դրա համար էլ մեր դատավորները զանգով կամ փողով են վճիռ կայացնում: Քանի դեռ մենք Սահմանադրության մակարդակով չենք կտրել իշխանություններին և դատարաններին կապող պորտալարը, մենք երբեք չենք կարող արդար ընտրությունների ակնկալիք ունենալ: Ընտրությունը կարող է անարդար լինել, բայց արդարությունը դատարաններով վերականգնելու հնարավորություն պետք է ընձեռել: Իսկ Սահմանադրության նախագծում համակարգային պատասխանատվության խնդիր դրված չէ:










































