Defense News-ի փոխանցմամբ` Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով արագ արձագանքման ուժեր ծավալելու պլանների մասին` դա հիմանավորելով Ուկրաինայի հակամարտության ֆոնին տարածաշրջանային լարվածության աճով:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նինիստեն տվյալ նախաձեռնությունն անհրաժեշտ է համարում Ֆինլանդիայի ընդհանուր պաշտպանունակության ու մարտական պատրաստության ամրապնդման համար:
Այդ զորատեսակը նոր է Ֆինլանդիայի համար, դրա հիմքը կազմելու են հետևակայինները, որոնք տեղակայվելու են 4 ռազմական մարզում, որոնք գտնվում են ռուսական սահմանին անմիջականորեն մոտ:
Արագ արձագանքման ուժերի կազմում ներառվելու են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաներ, զինվորներ, ինչպեսև իրականացվելու է ռեզերվիստների ու նորակոչիկների վերապատրաստում: Այդ ամենի համար անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ:
Ներկայումս Ֆինլանդիայի զինված ուժերն ունեն 12 հազար զինծառայողից բաղկացած մշտական զորքեր: Ընդ որում` զինված ուժերը կարող են 1-4 շաբաթվա ընթացքում ռեզերվային զորքերից զորակոչել մինչև 230 հազար զինծառայող ու սպասարկու անձնակազմ:







































