ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը երեկ ներկա էր Երևանի մամուլի ակումբի հոբելյանական 20-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մ. Եսայանն ասաց, որ դեռ 1995 թվականին՝ ակումբի ստեղծման ժամանակ վստահ է եղել, որ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի նախաձեռնությունը նման լավ հանգրվան է ունենալու: «Սա ես համարում եմ երևույթ մեր լրագրողական դաշտում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄԱ-ն 2011 թվականին իրեն մրցանակ է շնորհել՝ լավագույն լրագրողական հետաքննության համար:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ակտիվացել են լրագրողների նկատմամբ ճնշումները՝ նկատի ունենալով հատկապես վերջին հայտնի իրադարձությունների ժամանակ, մեր զրուցակիցն ասաց. «Որոշ մարմիններ, որոնք իրենց աշխատանքի բերումով շփվում են մեդիա դաշտի հետ, պետք է վերանայեն իրենց աշխատանքը ու հասկանան, որ չորրորդ իշխանությունը ամենաբարձր իշխանությունն է ցանկացած երկրում»:
Նրա խոսքերով՝ այդ մարմիններից ոմանք չեն հասկանում չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը. «Մենք լրագրության մեջ ունենք այլ դրսևորումներ, որ չեմ ընդունում, բայց պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին պետք է ականջալուր լինել և ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում»։
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:







































