Բրիտանական ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մտադիր է երկրի խորհրդարանից Սիրիայի տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դիրքերի ռմբակոծման թույլտվություն ձեռք բերել, չնայած երկրի օդաչուները արդեն մասնակցում են նմանատիպ գործողություններին: Այդ մասին հայտնում է TASS-ը հղում կատարելով երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հայտարարությանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Միացյալ Թագավորության զինված ուժերի անձնակազմից 20 մարդ` ներառյալ 3 օդաչու, գործուղվել են ԱՄՆ-ի և Կանադայի ստորաբաժանումներ և մասնակցում են օդային հարվածներին:
«Միացյալ Թագավորությունը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իր ավանդն է ներդնում` օդային գործողությունների շրջանակներում իրականացնելով հետախուզություն և դիտարկում: ԴԱԻՇ-ը անմիջական սպառնալիք է Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի երկրների համար»,- հաղորդել է բրիտանական պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը:
2014 թվականի սեպտեմբերին բրիտանական խորհրդարանը լիազորել է ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծությունների իրականացումը միայն Իրաքում: Ընդունված փաստաթուղթը չի նախատեսում Սիրիայի տարածքում այդ խմբավորման զինյալներին հարվածներ հասցնելը, ինչպես նաև այնտեղ բրիտանական ցամաքային ուժեր մտցնելը:
Միաժամանակ Ֆելոնը խոստացել է, որ իրենք կշարունակեն ջանքեր գործադրել Սիրիայի տարածքում օդային հարվածներ հասցնելու նպատակով պաշտոնական լիազորություն ստանալու համար:









































