Կալիֆոռնիայի իշխանությունները հայտնել են, որ ցանցահեններին հաջողվել է կոտրել Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանի բժշկական ստորաբաժանման համակարգչային ցանցը և հասանելիություն ստանալ մոտ 4.5 մլն մարդկանց գաղտնի տվյալներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ կիբերհարձակման են ենթարկվել հիվանդանոցների և բժշկական կետերի հիվանդների տվյալները։ Գողացված տվյալների շարքում են բուժապահովագրության համարներ, հասցեներ և հիվանդների անձնական տվյալներ։
Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին կոտրման մեկ այլ դեպքի մասին։ Այդ ժամանակ ցանցահենները ներթափանցել էին տարբեր դաշնային գերատեսչությունների համակարգչային համակարգեր և գողացել 21.5 մլն ամերիկացիների անձնական տվյալներ։
Գողացված տեղեկությունը վերաբերել է գրեթե բոլոր անձնական տվյալներին՝ աչքերի գույնից և ալկոհոլի ու թմրանյութերի հանդեպ կրքից մինչև անձնական ֆինանսական գործարքների մանրամասներ։










































