ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն այսօր հանրային քննարկում էր կազմակերպել՝ կապված Երևան քաղաքի տրանսպորտի խնդիրների հետ: ՀՅԴ-ն կարծում է, որ վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչպես նաև ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը` 2016 թ. հունվարից, անխուսափելիորեն կհանգեցնեն Երևանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը:
Քննարկմանը ներկա՝ Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն, հայտարարեց, որ դեռ վաղ է սակագնի վերանայման մասին խոսելը: «Ներկա դրությամբ տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ ոչ մի հիմնավոր խոսակցություն չկա և չի կարող լինել: Ակցիզային հարկի վերաբերյալ այս պահին դեռ ոչինչ հնարավոր չէ ասել, քանի որ դեռ հայտնի էլ չէ՝ կընդունվի՞ օրենքի նախագիծը, թե՞ ոչ: Եվ հետո, դեռ չգիտենք՝ ակցիզային հարկի մասին օրենքի ընդունումից հետո ինչքանո՞վ կփոխվի վառելանյութի կամ մյուս նյութերի արժեքը: Քանի դեռ նման օրենք ընդունված չէ, ոչինչ ասել հնարավոր չէ, ու ոչ մի հիմնավորում չկա, թե սակագինը կարող է բարձրանալ»,- ասաց Նավասարդյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































