Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները երեկ Թաշբուրուն գյուղի մոտ փակել են Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհը։
Միջադեպը գրանցվել է ժամը 21.30-ին։ PKK-ի զինյալները կանգնեցրել են ճանապարհով երթևեկող մի բեռնատար, որը պատկանել է մասնավոր ընկերության, իջեցրել են վարորդին, ապա բենզին լցնելով բեռնատարի վրա՝ այրել այն։ Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերի աշխատակիցները տեղում չեն հայտնաբերել PKK-ի զինյալներին, ինչից հետո տարածաշրջանում ձեռնարկել են լայնամասշտաբ որոնողական գործողություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ PKK-ը հայտարարել է ավելի քան երկու տարի տևած հրադադարի ժամկետի սպառման մասին։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ PKK-ի զինյալները փոխել են մարտավարությունը և սկսել են իրենց ուշադրությունը կենտրոնացնել «անվտանգության ամբարտակների» ու դեպի դրանք տանող ավտոմայրուղիների վրա։












































