Ինչպես արդեն հայտնել էինք, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները երթով շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն, որով պահանջում են պատժել «սրիկա» ոստիկաններին և քրեական պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի մեղավորներին:
Այս պահին ակցիայի մասնակիցները նստել են Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում և առաջ չեն շարժվում:
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ցուցարարներին հորդորեց բացել երթևեկության համար կարևոր նշանակություն ունեցող պողոտան, քանի որ այն անօրինական ձևով է փակվել:
Տեսնելով իր՝ «պատժել Օսիպյանին» լուսանկարով պաստառը, Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց ավելի բարձր և հպարտ պահել իր լուսանկարը:
«Դուք արդեն լկտիացել եք, ես հիմա կհրավիրեմ լրացուցիչ ուժեր»,- բարկացած դիմելով ցուցարարներին՝ նշեց Օսիպյանը:
Նշենք, որ այս պահին ցուցարարները բացեցին Մաշտոց- Բաղրամյան պողոտան և շարժվում են դեպի Գլխավոր դատախազության շենք:









































