Գերագույն ռադայի՝ որևէ խմբակցության չպատկանող պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը և նրա գործընկեր Վիկտոր Բոնդարը՝ «Վերածնունդ» կուսակցությունից, քիչ է մնացել՝ ծեծկռտուք սարքեն Ուկրաինայի խորհրդարանի նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բախումը տեղի է ունեցել, երբ Բոնդարն իր ելությում կտրուկ քննադատել է «Աջ սեկտորի» գործողությունները Մուկաչևոյի իրադարձությունների ֆոնին:
«Այսօր դա, ըստ էության, հրոսակախումբ է, որը զինված է, ոչ մի պատկանելություն չունի իրավապահ մարմիններին և անում է այն, ինչ ուզում է»,- ասել է նա:
Այս խոսքերից հետո Պարասյուկը կանգնել է իր տեղում՝ դահլիճում, ու գնացել դեպի ամբիոն՝ բղավելով. «Հիմա ես քեզ հրոսակախումբ ցույց կտամ»: Նա փորձել է ընդհատել գործընկերոջ ելույթն ու անջատել նրա բարձրախոսը:
Որոշ ժամանակ հետո պատգամավորներին հաջողվել է հանգստացնել:
Շաբաթ օրը արմատական «Աջ սեկտորի» ներկայացուցիչները հրաձգություն են իրականացրել Մուկաչևո քաղաքում՝ Ուկրաինայի արևմուտքում, հակամարտության մեջ մտնելով ոստիկանության և տեղի բիզնես կառույցների հետ: Հրաձգության հետևանքով 1 կամ 2 մարդ է զոհվել, կա 11 վիրավոր, այդ թվում` ոստիկաններ:










































