Շատ երկրներ ներդրումների համար օտարերկրացիներին առաջարկում են հարկային արտոնություններ և բնակության իրավունք: Օրինակ՝ դա գործում է Պորտուգալիայում, Իսրայելում և Ֆրանսիայում: Դրանով նրանք փորձում են գրավել ունևոր մարդկանց, գրում է Financial Times-ը:
Ֆինանսական ճգնաժամից հետո իրենց քաղաքացիությունը վաճառող երկրների թիվն աճել է: Օրինակ՝ Կիպրոսում անձնագրեր են առաջարկել այն ներդրողներին, ովքեր իրենց ներդրումները կորցրել են բանկային ճգնաժամի հետևանքով:
Ավելի տարածված տարբերակներից մեկը առաջարկում է Կարիբյան ավազանի Անտիգուա կղզին: Երկրի քաղաքացիությունը գնելով՝ մարդը կարող է առանց վիզայի մուտք գործել 130 երկիր: Իշխանությունների միակ պայմանն այն է, որ հինգ տարվա մեջ միայն հինգ օր նա պետք է գտնվի երկրում: Այդ ծրագրի շնորհիվ կղզին ստացել է 65,9 միլիոն դոլարի եկամուտ, նշում է թերթը:
Վերջերս ներդրումների փոխարեն քաղաքացիություն ստանալը լայն տարածում է ստացել չինացիների մեջ: Նրանցից հետո գալիս են ռուսները և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները, նշում է BBC-ն: Զարգացած երկրների քաղաքացիները նույնպես մասնակցում են այդ ծրագրերին:
Սակայն անձնագրերի վաճառքը կարող է դառնալ տաբեր տարաձայնությունների և սկանդալների պատճառ: Անցյալ տարի ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նախազգուշացրեց, որ որոշ պարսիկ գործարարներ ցանկացել են գնել Սենտ Կիտսի և Նեվիսի քաղաքացիություն Իրանի նկատմամբ պատժամիջոցներից խուսափելու համար: Իսկ Եվրախորհրդարանը անցյալ տարի բանաձև է ընդունել, ինչով քննադատել է Մալթայի կողմից ԵՄ անձնագրերի վաճառքը:











































