Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ մանուկների օրհնության օր հռչակված Ծաղկազարդի առիթով իրականացրեց ՙԾաղկազարդը՚ տոնում են մանուկները ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել հայ մանուկների հոգևոր-ազգային գիտակցության ձևավորմանը և դաստիարակությանը, խրախուսել մանկապարտեզներում ազգային-եկեղեցական տոների անցկացումը: ՙԾաղկազարդը տոնում են մանուկները՚ իրականացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար:
Ծրագրի շրջանակներում ապրիլի 11-20-ը Երևանի և ՀՀ մարզերի ավելի քան չորս հարյուր մանկապարտեզներում անցկացվում են Ծաղկազարդին նվիրված տոնական ցերեկույթներ, որոնց մասնակցում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` մանուկներին ուղղված օրհնության խոսքն են փոխանցում համայնքների հոգևոր հովիվները: Մանկապարտեզներին տրամադրվում է նաև մանկական հոգևոր գրականություն:











































