Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չեղյալ է հայտարարել իր այցը Վրաստան, որը պետք է մեկնարկեր վաղը։ Այս մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Այցի չեղյալ հայտարարման պատճառը Հունաստանի հարցով բանակցություններն են։
Տուսկը պետք է երկօրյա այցով Վրաստան ժամաներ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով։ Ինչպես սպասվում էր, Տուսկը հանդիպումներ էր ունենալու նաև Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի ու պատգամավորների հետ։ Տուսկի մամլո ծառայության աշխատակիցն ընդգծել է, որ այցի չեղյալ հայտարարման պատճառը Հունաստանում տիրող իրավիճակն է։ Չնայած դրան՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ գրավոր ծանուցում չի ստացել այցի չեղյալ հայտարարման մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ը ժամանելու է Վրաստան և Հայաստան։










































