ՄԱԿ-ի կողմից մարդասիրական հրադադարի հայտարարումից 2 ժամ անց Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սկսել է ավիահարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաք Սանային։ Տեղի բնակիչները հայտնում են ուժգին պայթյունների մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հրադադարն ուղղված է տարածաշրջանի չունևոր 21 մլն բնակիչներին օգնություն մատակարարելուն, ովքեր 3 ամիս գոյատևում են ռմբակոծությունների ու քաղաքացիական պատերազմի պայմաններում։
Հրադադարը սկսվել է կեսգիշերին և պետք է շարունակվեր մինչև մուսուլմանների սրբազան Ռամադան ամսվա ավարտը՝ հուլիսի 16-ը։
Հակամարտող երկու կողմերը հաստատել էին մարտական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու պատրաստակամությունը։
Պայմանավորվածություն կար, որ հրադադարի ժամանակ դադարեցվում են ոչ միայն ցամաքային գործողությունները, այլև ռմբակոծությունները, որոնք իրականացնում են կոալիցիայի ինքնաթիռները։










































