Meddaily-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ մեծ քանակությամբ ճարպ պարունակող դիետան վնասում է ստամոքսի նյարդերը, ինչի համար ուղեղից ազդանշան չի ստացվում, որ մարդը կշտացել է։ Ճարպոտ սնունդը փոխում է աղիների միկրոֆլորան։ Ճարպից սնվող մանրէները սկսում են բազմանալ և ոչնչացնել մյուս մանրէներին, որոնք նախընտրում են առողջ սնունդ։
Դրա հետևանքով նյարդերը բորբոքվում են, և ստամոքսից ուղեղ ազդանշանի փոխանցման գործընթացը խաթարվում է։ Ջորջիայի համալսարանի գիտնականները համապատասխան հետազոտությունն անցկացրել են առնետների վրա։ Նրանք նկատել են, որ ճարպոտ սնունդը վերակազմավորել է նյարդային շղթան և սննդային պահվածքի համար պատասխանատու ուղեղի հատվածում սկսվել է բորբոքման գործընթաց։ Արդյունքում ուղեղին թվում է, թե կրծողները դեռ քաղցած են, թեև նրանք հագեցել են սննդից։











































