Ռեժիսոր, պրոդյուսեր Քրիս Չեմբերսը երբեք չէր մտածել, որ իր ռեժիսորական դեբյուտը կանի Լոս Անջելեսում՝ հայալեզու ֆիլմի նկարահանման հրապարակում։
Չեմբերսը լոսանջելեսցի է, սակայն ոչ հայ։ Նրա խոսքով՝ իր նախնական պատկերացումները համայնքի մասին ստացել է հայ գործընկերոջից։ Այս մասին հայտնում է Filmindependent.org-ը։
«Որքան շատ բան իմացա, այնքան շատ հետաքրքրվեցի,- ասել է նա։- Դա շատ հարուստ և հետաքրքիր մշակույթ է։ Չեմ կարող բացատրել՝ ինչու, բայց ինչ-որ կերպ տարվեցի և սկսեցի գլխումս գաղափարներ ստեղծել պատմության համար»։
«Արամ, Արամ» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել անցած ամիս Լոս Անջելեսի կինոփառատոնին, 12-ամյա հայ տղայի (Ջոն Ռուհինյան) մասին է, ում ուղարկում են պապի (Լևոն Շարաֆյան) մոտ՝ Լոս Անջելես, որտեղ նա պետք է անցնի հակամարտությունը իր հետևում թողած մշակույթի և իր նոր աշխարհի ինքնության միջև։
Չեմբերսը խոսել է հայ համայնքի ցուցաբերած մեծ աջակցության մասին։ Նրա խոսքով՝ հայ համայնքը աջակցել է ամեն ինչով՝ վայրեր փնտրելու հարցում օգնությունից մինչև ֆիլմում կիրառելու համար անեկդոտներ։
Եվ քանի որ Չեմբերսը չի խոսում նույն լեզվով, ինչ նրա աստղերը, նա կարողացել է ղեկավարել թիմը՝ հենվելով հիմնականում նրանց մարմնի լեզվի վրա։ Բացի այդ, նրան օգնել է թարգմանիչը։













































