«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, փորձագետ Մանվել Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, թեպետ շատ փորձագետներ «Էլեկտրիկ Երևան»-ի հաջողությունն են համարում այն, որ օգոստոսի 1-ից շարքային քաղաքացին ստիպված չի լինի շուրջ 7 դրամ ավելի վճարել էլէներգիայի դիմաց, սակայն այս ընթացքում մենք մի շարք հաջողություններ ունեցանք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների իմաստով՝ Հայաստանի իրավապահ համակարգին հանձնվեց Պերմյակովի գործը, նաև 200 մլն դոլարի վարկ է մեզ տրամադրելու այդ երկիրը, բացի այդ՝ տեղեկություններ կան Հայաստանին «Իսկանդեր-Մ» վաճառելու մասին: Ինչպե՞ս եք այդ ամենը գնահատում, արդյոք դրա վաճառքով Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը չի՞ խախտվի:
– Ես չգիտեմ՝ այդ «Իսկանդեր»-ը Ռուսաստանի կողմից շանտա՞ժ է, թե՞ իրականություն, բայց երևում է, որ Ադրբեջանը մի փոքր անհանգստացած է, և որ այս պահին փոքր-ինչ այլ որակի հարաբերություններ ստեղծվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև: Միանգամից դա երևաց, երբ Ադրբեջանի նախագահը դիմեց Միացյալ Նահանգների նախագահին՝ ասելով, որ Ղարաբաղի հետ կապված սպասելիքները կապված են Օբամայի հետ: Դա Ադրբեջանի կողմից ժեստ էր. հիմա թե դա կոնկրետ ինչի կբերի՝ պարզ չէ: Գուցե Հայաստանի հետ մի փոքր ավելի մեղմ խոսեն:
Իհարկե, սա կախված է թե՛ Հայաստանի հանրությունից և թե՛ կառավարող համակարգից՝ նրանք կպահե՞ն այս հարաբերությունները, թե՞ ընդամենը պահի տակ մի քանի բան պոկեցին: Հիմա ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է իրեն լուրջ պահել, հստակ խնդիրներ դնել, պահանջել, որ այդ խնդիրները լուծեն:
– Տեսակետներ կան, որ եթե ամեն դեպքում «Իսկանդեր-Մ» վաճառվի Հայաստանին, ապա հաջորդիվ մեծ քանակությամբ զենք կվաճառվի նաև Ադրբեջանին:
– Ադրբեջանը Ռուսաստանին շատ ավելի է պետք որպես դաշնակից, քան Հայաստանը: Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես մի գործոն է, որ կարողանում է օգտագործել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ ճնշող գործոն ստեղծելու համար: Եթե այս տրամաբանությամբ գնահատենք, ապա կարծում եմ՝ Ռուսաստանը կշարունակի ճնշող լծակներ օգտագործել Ադրբեջանի դեմ, մյուս կողմից էլ՝ զինել: Ադրբեջանն էլ է դա հասկանում, կարող է դուրը չի գալիս, բայց օգտվում է դրանից: Արևմուտքին ասում է՝ մեզ մի ճնշեք, այլապես Ռուսաստանի հետ կխորացնենք մեր հարաբերությունները:
– «Իսկանդեր-Մ»-ի գործարքն ի՞նչ անդրադարձ կունենա ընդհանուր տարածաշրջանում։ Տեսակետներ կան, որ դրանից կարող են տուժել հայ-վրացական հարաբերությունները:
– Չեմ կարծում. եթե նույնիսկ նման զենք վաճառվի, ապա ի՞նչ խնդիր ունի Հայաստանը Վրաստանի հետ:
– Ռուսաստանը չի՞ կարող Հայաստանի միջոցով քայլեր իրականացնել:
– Չեմ կարծում:
– Ռուսաստանցի փորձագետները կարծիքներ էին հնչեցնում, թե Եվրոպական խաղերի ավարտից հետո հնարավոր է՝ նորից սրվի իրավիճակը, և չի բացառվում բլից պատերազմի հավանականությունը։ «Իսկանդեր»-ի վաճառքով գոնե առաջիկա մի քանի տարիների համար կարո՞ղ ենք ասել, որ ստատուս քվոն կպահպանվի:
– Ադրբեջանն այն երկիրը չէ, որ նստի ու որոշի պատերազմել՝ դա լայն շրջանակների հետ կապված որոշում է: «Իսկանդերների» ի հայտ գալը բարդացնում է ցանկացած քայլ, որովհետև նման զենքերով պատերազմները համաշխարհային բնույթ են կրում: Չեմ կարծում, որ նման քայլի գնան, եթե գնան՝ նման զինատեսակ բերեն Հայաստան, պետք է հասկանանք, որ ուրեմն միջազգային քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ են եղել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։










































