Թեև այս տարվա ընդունելության առաջին փուլի արդյունքները հայտնի կլինեն մինչև այս ամսվա կեսը, սակայն որոշ մասնագիտությունների մասով արդեն իսկ ուրվագծվում է պատկերը: Ու եթե ուսումնասիրում ենք այս տարվա քննությունների՝ մի շարք մասնագիտությունների առումով անցողիկ շեմը, ապա նկատելի է, որ դրանք անհամեմատ ցածր են, քան անցած տարիներին: Բացի դրանից՝ մինչ քննությունների ավարտը նախարարությունը դեռ լրացուցիչ տեղեր է հատկացնելու որոշ պետական բուհերի:
Նկատենք, որ քննությունների անցողիկ շեմի իջեցումը, լրացուցիչ տեղերի հատկացումը, որոշ պետական բուհերում առանց քննությունների՝ ատեստատի գնահատականներով ընդունելության կազմակերպումը լրջորեն վտանգում է Հայաստանում գործող մասնավոր բուհերի հետագա գործունեությունը, որը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի օրոք արդեն իսկ լուրջ վտանգի տակ էր:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի քանի օր է՝ սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է այս տարվա անցողիկ միավորները, ու եթե դրանք համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա նկատելի է դառնում, որ հատկապես վճարովի տեղերի համար շեմը էականորեն նվազել է: Չնայած՝ որոշ մասնագիտություններ մասով անվճար տեղերի անցողիկ շեմերը ևս նվազել են:
Մասնավորապես, եթե, օրինակ, այս տարի ԵՊՀ-ում «Քաղաքագիտություն» մասնագիտության համար անվճար ընդունվելու համար հարկավոր է հավաքել 58.50 միավոր, իսկ վճարովիի համար՝ 45.50, ապա, օրինակ, 2013-ին անվճարի համար հարկավոր էր 57.25, իսկ վճարովիի համար՝ 44,75 միավոր: Հանրային կառավարում ֆակուլտետում այս տարի անվճար ընդունվելու համար միավորների անհրաժեշտ քանակը 59.75 է, վճարովիինը՝ 49.00: 2013-ին՝ համապատասխանաբար, 57.75 և 46.50:
Բժշկական համալսարանում այս տարի, օրինակ, ստոմատոլոգիայի բաժին ընդունվելու համար հարկավոր է միայն 28.25 միավոր: Բացի դրանից՝ նախարարն արդեն իսկ հայտարարել է, որ հաշվի առնելով դիմորդների քանակը, ամեն տարի լրացուցիչ տեղեր են հատկացնում բժշկական համալսարանին, և այս տարին բացառություն չի լինելու: Մոտ ապագայում լրացուցիչ տեղերի հաշվին անցողիկ շեմը բժշկականում կնվազի։
Ավելի ցածր շեմ է պոլիտեխնիկում: Օրինակ՝ Էներգետիկա բաժնում անվճար ընդունվելու համար անհրաժեշտ է 22.25 միավոր, վճարովիի համար՝ ընդամենը 15.5 միավոր:
ԿԳ նախարարության վարած քաղաքականութունը, անցողիկ շեմերի իջեցումը մասնավոր բուհերի որոշ ռեկտորներ մեկնաբանում են որպես դիտավորյալ արված քայլեր: Աշոտյանի քաղաքականությունից վրդովված էր հատկապես «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ոչ մի բան չի ուզում խոսել: Իրենք ուսանողներ, դիմորդներ ունեն, ոչ մի խնդիր չկա: «Մենք 1500 դիմորդ ունենք այս տարի: …Տեսնում ենք՝ ձեր նախարարը ամեն ինչ հրապարակում է, ամեն ինչ անում է: Ունենք ՀՀ կրթության համակարգ և մեկ հատ նախարար, բոլոր հարցերն էլ ուղղեք հենց այդ նախարարին»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը:
«Հյուսիսային» համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն անհամեմատ լավատես էր: Նա ասաց, որ ընդունելությունն այս տարի իրենց բուհում անհամեմատ նորմալ է, ընդունելությունը շարունակվում է: «Ոչինչ: Չի կարելի ասել, որ գերազանց է ընդունելությունը, բայց վատ չէ: Ես երեկ համեմատում էի մեր ուսանողների թիվը որոշ պետական բուհերի ուսանողների թվի հետ ու ասեմ, որ 6-7 պետական բուհերի համեմատ մենք ավելի շատ ուսանող ունենք»,- ասաց Մակիչյանը՝ խուսափելով թեկուզ մոտավոր ասել, թե այս տարի քանի դիմորդ են ունեցել: «Ամեն օր ինձ ասում են, որ 15-20 դիմորդ է հետաքրքրվել: Նորմալ է, վատ չէ»,- ասաց նա:
Մակիչյանի խոսքով՝ պատկան մարմիններն ավելի շահագրգռված են արտասահմանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ընդունելությամբ, ովքեր «ընդունում են ում ուզում են, ինչպես ուզում են: Նրանց համար պետպատվեր են ապահովում, բանակից ազատում են այդ բուհերում սովորողներին»: «Նպատակը դեռ չեմ հասկանում, թե ինչու են մեր որոշ ընկերներ շահագրգռված, որ մեր կրթությունը աստիճանաբար արտասահմանյան բուհերին տալիս»,- նկատեց Մակիչյանը՝ հավելելով, որ նախարարության՝մասավոր բուհերի դեմ սկսած արշավին իրենք պատասխանում են հակազդող քայլերով: Նոր մեթոդներ են մտածում, որն իրենց բուհը ավելի գրավիչ է դարձնում:
«Ինչքան մեզ համար դժվարություններ են հարուցում, մենք այնքան նոր միջոցներ ենք գտնում: Օրինակ՝ այս տարի մենք կրթություն ենք կազմակերպելու և՛ անգլերեն, և՛ ռուսերեն լեզուներով: Բացի դրանից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ուսանողների համար մեզ մոտ գործելու է ուսման վարձի 50 տոկոս զեղչ, իսկ Ուրուգվայի ուսանողները մեզ մոտ սովորելու են անվճար: Սա նոր ծրագիր է, որի համար ես շնորհակալ եմ մեր պատկան մարմիններին, նախարարությանը, որ մեզ ստիպում են անընդհատ կատարելագործվել, առաջ գնալ»,-եզրափակեց Մակիչյանը:
Նշենք, սակայն, որ մասնավոր բուհերից ոչ բոլորն են «Հյուսիսային» համալսարանի մարտավարությունը ստանձնել: Նրանցից շատերը դիմորդ չունենալու պատճառով կա՛մ փակվել են, կա՛մ կրճատել ֆակուլտետների թիվը:
Ուշագրավ է, սակայն, որ մասնավոր բուհերի փակումը, որը շատերը դրական քայլ են համարում, քանի որ այնտեղ, իբր, որակյալ կադրեր չեն պատրաստում, այլ վտանգ է պարունակում: Պետական բուհերը, մնալով առանց մրցակցի, պարզապես դադարում են մոտիվացիա ունենալ լավ աշխատելու, մրցունակ կրթություն տալու համար: Իսկ դրանից տուժում է միայն պետությունը:










































