«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:
– Այն, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, ի՞նչ էր, և ի՞նչ դասեր պետք է քաղի քաղաքացիական հանրույթը դրանից։
– Այն, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, շատ հետաքրքիր էր և նոր։ Ոչ թե անսպասելի նոր և աննախադեպ, այլ այս տարիների քաղաքական, քաղաքացիական բոլոր տեսակի և պատճառների շարժումների արդյունքում հասունացած որակ։ Յուրաքանչյուր հաջորդ հանրահավաք կամ շարժում նախորդից մեկ քայլ առաջ է եղել՝ թեկուզև աննշան, սակայն այս շարժումը, քաղաքացիական այս ըմբոստությունը ակնհայտ տարբեր էր իր ձևով ու որակով։ Այն նոր է իր վերաբերմունքով՝ թե՛ սեփական շարքերում և թե՛ հակառակ բանակում եղած հեղինակությունների նկատմամբ, բացարձակ առանց բարդույթի ու կաշկանդվածության դեպի որևէ պաշտոն կամ հեղինակություն։ Խորհրդային սերնդի ավարտն ազդարարող տեսակ է։
Շարժումից սպասել, թե շատ մեծ նվաճումների և արդյունքների կհասներ՝ պետք չէ, սակայն այն, ինչ տեսանք և հետայսու կունենանք, իշխանությանը շատ երկար մտորելու տեղիք պետք է տա։
Այս երիտասարդ և առողջ ուժը մարտահրավեր է բոլոր տեսակի «համակարգային» ուժերի և մտածողների, ընդդիմադիրների և դիմադիրների համար։ Որքան տարերային և իռացիոնալ էր թվում, այնքան մտածված և գիտակից էր զանգվածը։ Շատ ինտուիտիվ և համարձակ մի շարք «որոշումներով» ուղղակի թելադրում էր իր մոտեցումները։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք կարծում էին, թե համահունչ են այս զանգվածին և շարժմանը, և փորձում էին իրենց «անունով», հեղինակությամբ դիրք ստեղծել ներսում, զանգվածը մերժում էր և կլանում, ընդունում նրանց, ովքեր հավասար էին մոտենում և ձուլվում շարքերում։ Սա խորհրդային հեղինակությունների փայլից ու անվերապահորեն ընդունելուց ազատագրում է, համենայնդեպս՝ ես առաջին անգամ եմ տեսնում այս ձևով և համատարած շարժում։ Մենք ունեցել ենք լիդերներ կամ գործիչներ, կամ ուղղակի «վաստակավոր» քաղաքացիներ և անառարկելի հեղինակություններ, և զանգվածի հետ շփման ժամանակ նրանք եղել են դիստանցիայի մի կողմում, շատ հարգված տարածության վրա։ Այստեղ հորիզոնական տարածության մեջ ոչ ոք «շրջապատված» և մեկ քայլ բարձրության վրա չէր, նույնիսկ ֆիզիկապես չկար այդ բարձունքը։
– Քաղաքացիական հասարակության ուժեղ և թույլ կողմերը այս շարժման մեջ որո՞նք էին: Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ դասեր պետք է քաղել այս ամենից։
– Այս շարժման թույլ կամ ավելի ճիշտ բարդութավոր կողմը մասնակիցների քաղաքականի և քաղաքացիականի թյուրըմբռնումն էր, և համապատասխանաբար՝ դրանից օգտվեց իշխանությունը՝ դրոշ դարձնելով և մի որոշ հատված կիսելով կամ պառակտում մտցնելով։ Նույնիսկ այնքան պարզունակ գտնվեց, որ իբրև սադրիչներ քաղաքական այրերի անուններ տվեցին կամ փորձեցին շրջանառել զանգվածի մեջ։ Իմ կարծիքով՝ ժամանակի մեջ քաղաքական հասունացման այս փուլում լուսավոր այդ երիտասարդները ավելի շուտ կհասկանան և կհաղթահարեն այդ բարդույթը, քանի որ մեր տիպի երկրում, ոչ ժողովրդավարական երկրում նման շարժումը չի կարող լինել ապաքաղաքական և զուտ քաղաքացիական։ Սա կոնկրետ ըմբոստություն էր կառավարող ռեժիմին, անվստահություն։
Հասկանում եմ, որ կուսակցականությունը պղտորել է քաղաքական տերմինաբանությունը, սակայն այն համառությունը և համարձակությունը, որ դրսևորեցին երիտասարդները, իրենց թույլ կտան նաև հետ նայել և ինչու չէ՝ իրենցից կես սերունդ բարձրի փորձը ուսումնասիրել։
– Իշխանությունն այս անգամ այլ մեխանիզմով մոտեցավ: Իշխանության ուժեղ և թույլ կողմերը այս անգամ որո՞նք էին:
– Իրականում այս տիպի իշխանության մոտեցման տարբերակները և գործիքակազմը շատ բազմազան չեն, դրանք են՝ արտաքին գործածման մեխանիզմը՝ ուժը, այն է՝ ոստիկանությունը, իր բութ գործածման գործիքը և ներքին գործածման մեխանիզմը՝ հատուկ ծառայությունների միջոցով մարդկանց գաղտնի ներգրավումը (երբ նույնիսկ անձը տեղյակ չէ, որ ինքը ներգրավված է. երևույթը կոչվում է ազդեցության գործակալ՝ агент влияния), իսկ մարտավարությունն էր ուժի կիրառումը, սադրանքը, պառակտումը։
Իշխանությունն այն մեխանիզմով մոտեցավ, ինչով որ խաղաղ քաղաքացիների հանրահավաքը սկսեց պարտադրել։ Սկզբում գործի դրվեցին իր, այսպես կոչված, դեմքի և իմիջի մեջ ավտորիտար երկրին համապատասխան՝ բռնի գործողություններ, հետո՝ սպառնալիք, սադրանք և պառակտիչ մեխանիզմներ և վերջում՝ «բալետ» ոստիկանների կատարմամբ, և բացեցին փողոցը։ Այսինքն՝ մարտավարական առումով այս անգամ ստիպված եղան մի քիչ մտածել, քանի որ հանրահավաքի մասնակիցները, որ հիմնականում երիտասարդներ էին, փորձում էին ամեն կերպ ուշադիր և կազմակերպված անցկացնել հանրահավաքը, ակցիան, բողոքը, որպեսզի սադրանքները բացառեն և նվազագույնի հասցնեն «անսպասելի իրավիճակները»։ Իշխանության տարածած վախի մթնոլորտն էլ չազդեց, անդրդվելի մնացին թե հունիսի 23-ին, թե 28-ին։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս դեպքում իշխանության գործիք ոստիկանությունը մնաց իր կոնկրետ կարծրատիպի մեջ՝ որպիսին կար, ավելացան քաղաքացիական հագուստով պատրաստված մարդիկ, բայց որպես ազդող և ուժեղ կողմ՝ այս անգամ հստակ գծագրվեց ներքին պառակտման վրա աշխատանքը։
– Ո՞րն էր այս շարժման առանձնահատկությունը, ի՞նչ ազդեցություն այն կունենա հասարակության վրա:
– Շարժման մասին բավականաչափ խոսեցինք, բայց եթե փորձենք ամփոփել, կասեի, որ լուսավոր և պահանջատեր, խենթ ու միաժամանակ՝ ռացիոնալ, համարձակ և կարծրատիպեր կոտրող շարժում էր։ Բացասական կողմը կամ ջայլամային կողմը գլուխը ավազների մեջ թաքցնելն ու չնկատելն էր քաղաքականությունն այնտեղ, որտեղ կա։ Այստեղ քաղաքականն ու քաղաքացիականը, ինչպես նշեցի, նույն հարթությունում են։ Պարզ է, որ շատերը՝ թեկուզև մեկ օրով կամ կես ժամով միանում էին, երբեմն նույնիսկ հանուն իրենց PR ակցիայի, և հնչեցնում, կրկնում ստահոդ վերնագիրը՝ խուսափելով քաղաքական համարվելուց։ Բայց դրանից չի փոխվում էությունը։
Իսկ թե ինչ ազդեցություն կունենա հասարակության վրա, մենք կտեսնենք 2018-ին, եթե մինչ այդ իշխանությունը «հասցնի» կառավարել և իր տրամաբանական ավարտին հասցնել իր իշխանությունը։
Դժվար կլինի իշխանության համար, երբ հասարակության մեջ արդեն իսկ դե ֆակտո այսպիսի ուժի գոյության արդյունքում փորձի նոմենկլատուրային կամ խամաճիկային կերպարներ բերել կամ կուսակցություն փչել, ուռեցնել ընտրությունների համար։ Իշխանությունը լավ մտորելու տեղ ունի՝ չնայած հին, թոշակի անցած իր ստոր մեթոդները դեռ գործում են, սակայն մի օր դրանք այլևս նույն ուժն ու ազդեցությունը չեն ունենա և մարդկանց փառասիրության վրա ազդակները կկորցնեն։ Այնպես որ՝ հուսանք, որ ՀՀԿ-ն ժամանակին կհեռանա դաշտից՝ իր անորակ և ժամանակի մեջ անհամաչափ կադրերով, և չի փորձի վայելել այս շարժման և ուժի արձագանքը հասարակության կողմից։
Ես մի բան եմ տեսնում. երբ առաջ ըմբոստություն կար, ընդդիմություն, շարժում, որքան էլ անկեղծ էր այն, միևնույն է՝ այդ շարժման մեջ եղած շատերը ուղիղ համաչափորեն իշխանության մեջ եղածների կրկնությունն էին և դրա համար չէին կարողանում «հեղափոխություն» անել ու արժեքային հեղափոխությունից հեռու էին։ Հիմա քիչ-քիչ, այդ եղած փորձի արդյունքում և շնորհիվ այս սերնդի՝ բացվում են։ Եվ երբ հիմա դիտարկում եմ այս երիտասարդներին ու գործող իշխանության կադրերը՝ մոտավորապես նույն տարիքի և սերնդի, ահռելի անհամաչափ և հեռու են։











































