Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է ՇՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ Իրանի ներկայացրած հայտը հավանության արժանացնելուն:
«Մենք ելնում ենք նրանից, որ Իրանը Հնդկաստանի ու Պակիստանի նման հայտ է ներկայացրել ՇՀԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար: Եվ մենք կողմ ենք, որ վաղվա գագաթնաժողովը կողմ արտահայտվի այդ հայտի հավանությանը՝ հենված ՇՀԿ-ին անդամակցելու չափանիշների վրա:
Այդ չափանիշներով անհրաժեշտ է, որ անդամակցության հավակնող երկիրը չգտնվի ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ներքո: Դրա հետ կապված՝ բավական կարևոր են Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև վարվող բանակցությունները»,- ասել է նա:
Լավրովը հայտարարել է, որ առաջին հերթին պետք է Իրանի վրայից հանել զենքի մատակարարման բեռնարգելքը. «Մենք կողմ ենք, որ Իրանի դեմ գործող զենքի բեռնարգելքը վերացվի հնարավորինս շուտ: Դա Իրանին հնարավորություն կտա բարձրացնել ահաբեկչության դեմ պայքարում պաշտպանունակությունը»:










































